Ճանապարհների օղակաձև հատվածներում գովազդային վահանակների տեղադրումը հավել յալ ֆինանսական մուտքեր կապահովի բյուջե. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է թույլատրել ՀՀ միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածների հողային պաստառներում գովազդային վահանակների տեղադրումը։
Նշված նախագծով հնարավորություն կստեղծվի ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար ընդլայնել գործունեության մասշտաբը, ինչը կբերի նաև պետական բյուջեի մուտքերի ավելացման:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ կառավարության 2006 թ.-ի հունվարի 19-ի N 765-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշման ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. ԱԺ 2019 թ.-ի փետրվարի 14-ի «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշմամբ սահմանվել է հանրային կառավարման ոլորտում կառավարության քաղաքականությունը։
Նշված որոշման համաձայն կառավարության խնդիրներն են տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝ • ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով, • պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված՝ բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը,
• գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը,
• ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը,
• մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը,
• հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը:
ՀՀ միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների վրա կա շուրջ 9 շրջանաձև երթևեկելի հատված և նախնական կանխատեսումներով պետական բյուջեի մուտքերը տարեկան էապես կավելանան, ինչպես նաև արդյունքում կբարեկարգվեն այդ գոտիները` գովազդային վահանակ տեղադրող կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում