«Կո­րո­նա­վի­րու­սի թես­տի իրա­րա­մերժ պա­տաս­խան­նե­րը կա­րող են լի­նել նաև կողմ­նա­կի ազ­դե­ցու­թյան հե­տև­անք».«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուսումնական տարվան ընդառաջ որոշում կայացվեց թեստավորել դպրոցների բոլոր աշխատակիցներին Հայաստանի ողջ տարածքում: Օրերս «Փաստը» նյութ էր պատրաստել մի դեպքի մասին, որը պատահել էր Վանաձորի ուսուցչուհիներից մեկի հետ: Նա սեպտեմբերի 3-ին թեստավորվել էր, 48 ժամ հետո ստացել թեստի դրական պատասխան: Սեպտեմբերի 6-ին և 7-ին սեփական նախաձեռնությամբ ևս երկու թեստ էր արել՝ ՊՇՌ և «ռապիդ»: Երկու թեստերի պատասխաններն էլ եղել էին բացասական: Նա մեզ հետ զրույցում ասել էր նաև, որ դպրոցի անձնակազմում միայն ինքը չէ, որ նման խնդրի առաջ է կանգնել:

Կան ուսուցիչներ, որոնք ձեռքներին ունենալով կորոնավիրուսի թեստի դրական պատասխան, կրկնակի թեստավորում անելուց հետո ստացել էին բացասական պատասխան: Չնայած նրան, որ, հետևելով նախարարության հորդորներին, ուսուցիչներն ինքնամեկուսացել էին, սահմանափակել բոլոր տեսակի շփումները, հարց էին բարձրացնում՝ ինչո՞ւ են թեստերի պատասխաններն այդքան իրարամերժ: Դեռ այն ժամանակ նյութի հրապարակումից առաջ դիմել էինք առողջապահության նախարարություն՝ հասկանալու, թե ինչը կարող էր նման խնդիր առաջացնել՝ որևէ թյուրիմացությո՞ւնը, թե՞ գուցե կա այլ պատճառ, ասենք՝ ասիմպտոմ ընթացքի և հիվանդության ավարտի օրերի զուգադիպության հետ կապված: Նախարարությունից «Փաստին» տեղեկացրել էին, որ հերթական նմուշառումն են վերցրել մեր խմբագրությանը դիմած ուսուցչուհուց՝ հասկանալու համար թեստերի իրարամերժ պատասխանների պատճառը, բացի դա, խոստացել էին անդրադառնալ այս թեմային և պարզաբանումներ ներկայացնել մի քանի օր անց:

Օրերս պարզվեց, որ նույն խնդրի առաջ է կանգնել նաև Գյումրու թիվ 29 դպրոցի 8 աշխատակից: Սկզբում դրական պատասխան, ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում էին անցել մեկ այլ բուժհաստատությունում, ստացվել էր բացասական պատասխան: Ի դեպ, բոլոր ուսուցիչները որևէ ախտանշան չունեն, ինքնամեկուսացել են հրաշալի ինքնազգացողությամբ, ուղղակի բոլորին մտատանջում էր մեկ հարց՝ ինչո՞ւ պետք է ստիպված լինեն ինքնամեկուսանալ և աշխատանքի չհաճախել, երբ ունեն նաև թեստի բացասական պատասխաններ, բայց ամենակարևոր հարցն, իհարկե, հետևյալն էր՝ ինչո՞ւ են պատասխաններն այսքան իրարամերժ այն դեպքում, երբ դրանք կատարվել են մեկ օրվա տարբերությամբ:

ՀՀ ԱՆ ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը «Փաստի» հետ զրույցում պարզաբանում ներկայացրեց անցկացված թեստերի իրարամերժ պատասխանների վերաբերյալ: Նախ՝ տիկին Աբովյանը ճշտող հարց է տալիս՝ ձեզ դիմած քաղաքացին երկրորդ անգամ ա՞յլ վայրում է թեստավորում անցել: Դրական պատասխան ստանալուց հետո անդրադառնում է պատճառներին, թե ինչու կարող էին մեկ օրվա տարբերությամբ անցկացված թեստերի պատասխաններն իրար հակասել: «Նախ՝ սկսենք նրանից, որ սա ամբողջությամբ նոր վիրուս է՝ դեռ մինչև վերջ չհետազոտված: Ու թե ինչպես է այդ վիրուսը դրսևորվում մարդու օրգանիզմում, ոչ ոք չի կարողանում ասել:

Բազմաթիվ դեպքեր են եղել, այդ թվում նաև ստացիոնարներում՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում, սկսած առաջին արձանագրված դեպքից, որը տեղի է ունեցել մարտի մեկին, պացիենտների շրջանում, երբ պետք էր երկու բացասական պատասխանի դեպքում նրանց դուրս գրել, առաջին պատասխանը գալիս էր բացասական, հաջորդը՝ 48 ժամ հետո դրական, հետո նորից բացասական ու դրական: Մենք ունեցել ենք պացիենտներ, որոնք 17-18 անգամ թեստավորվել են: Սրա հետ կապված շատ վարկածներ կային:

Նաև միջազգային կազմակերպությունների հետ քննարկելու արդյունքում արձանագրեցինք, որ կան շատ պատճառներ, որոնք ազդում են թեստերի պատասխանների վրա: Առաջին պատճառը՝ ինչպե՞ս է իրականացվել նմուշառումը, ի՞նչ տեխնիկայով, քիթ-կոկորդի խորքից է վերցվել, թե՞ ոչ, երկրորդը՝ ինչպե՞ս է տեղափոխվել, ինչպե՞ս է իրականացվել այդ լաբորատոր հետազոտության նախապատրաստական փուլը: Բացի դրանից, շատ մեծ ազդեցություն է ունենում նաև հետևյալը՝ առավոտյան բերանի խոռոչը սանացիայի ենթարկվում է, թե ոչ: Մեկ այլ պատճառ կարող է լինել, երբ վիրուսն արդեն քիթ կոկորդից անցնում է թոքերը, հնարավոր է, որ այն չհայտնաբերվի բերանի խոռոչում: Կան նաև շատ այլ պատճառներ, որոնց մասին մենք չգիտենք: Սա առաջին դեպքը չէ և արտասովոր չի կարող համարվել: Անձամբ մասնակցել եմ պացիենտների դուրս գրման պրոցեսին:

Ապշում էի, բայց ունեցել ենք, օրինակ՝ 30 օր պառկող հիվանդ՝ առանց կլինիկական ախտանշանների, հերթականությամբ դրական ու բացասական լաբորատոր արդյունքներով: Ինչ վերաբերում է արյան հետազոտությանը, որի միջոցով որոշում են հակամարմինների առկայությունն օրգանիզմում: Մինչ օրս առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում այդ մեթոդը որպես ախտորոշիչ մեթոդ, որովհետև այն հուսալի չէ: Այն զգայուն չէ, և շատ դեպքերում հստակ կլինիկական ախտանշաններով ու դրական պիսիարով բուժում ստացած պացիենտների մոտ թեստավորումը ցույց է տալիս բացասական պատասխան:

Դրա համար ԱՀԿ-ն արյան հետազոտություններն առաջարկում է միայն գիտահետազոտական նպատակներով իրականացնել և երբևէ չկիրառել որպես ախտորոշիչ մեթոդ: Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ իրարամերժ պատասխանները կարող են լինել նաև կողմնակի ազդեցության հետևանք: Օրինակ՝ թեստավորումից առաջ սոդայաջրով կամ սպիրտով մարդը բերանը ողողի և արդյունքը լինի թեստի բացասական պատասխանը: Դրա համար միշտ հիմք է ընդունվում առաջին պատասխանը»,-եզրափակում է Ռոմելլա Աբովյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա տղայի վրա (տեսանյութ) Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը և Հա­յաս­տա­նը. ին­չի՞ վրա պետք է կենտ­րո­նա­նան իշ­խա­նու­թյուն­նե­րը.«Փաստ» Թուրքիայում զրահամեքենա է վթարվել․ կան վիրավորներ Մյուլեր. Մարտինեսը մեր Միստեր Սուպերգավաթն է «Աշ­խա­տան­քի մեջ պետք է սեր, եռանդ ու համ­բե­րու­թյուն դնել, և բու­մե­րան­գի պես կվե­րա­դառ­նա»․«Փաստ» Խաղողի մթերման գինը՝ 105 դրամ. «Ժամանակ» Արսեն Թորոսյանը նոր «բորշչ» է եփել Նիկոլ Փաշինյանի համար․ «Իրատես» Ոչ թե ներ­մու­ծե­լու, այլ Հա­յաս­տա­նում ար­տադ­րե­լու ճա­նա­պար­հով.«Փաստ» Ռիո դե Ժանեյրոյում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը Առն­վազն քա­րոզ­չա­կան ճնշում. նոր շեշ­տադ­րում և լրա­ցու­ցիչ ռիսկ.«Փաստ» Ան­հաս­կա­նա­լի է, թե ար­տա­քին գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռու­ցե­լիս ինչ կոն­ցեպ­տով է առաջ­նորդ­վում Հա­յաս­տա­նը.«Փաստ» Պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ձա­խող­ման անա­տո­մի­ան.«Փաստ» «Տնտե­սա­կան ան­կու­մը կան­խե­լու որևէ դրա­կան մի­տում դեռ չի նա­խանշ­վում. պե­տա­կան բյու­ջե­ում առ­կա մի­ջոց­նե­րը ոչ ռա­ցի­ո­նալ են օգ­տա­գործ­վում».«Փաստ» Անձնավորված քայլերի տիրույթում.«Փաստ» Հանձնաժողովի եզրակացությունն էլի ուշանում է.«Փաստ» Իշ­խա­նա­կան խմբակ­ցու­թյան ան­հանգս­տու­թյու­նը․«Փաստ» Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ) Ղազախստանը վերացրեց մահապատիժը
website by Sargssyan