Փոփոխություն ՀՀ լեզվական քաղաքականության մեջ. պետբյուջեից ծախսերը կավելանան․«Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշման մեջ: Նշվում է, որ նախագծի նպատակը, որն, ի դեպ, մշակել է լեզվի կոմիտեն, կյանքի բոլոր ոլորտներում ՀՀ պետական լեզվի՝ հայերենի գործառության ապահովումն է, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանումն ու տարածմանն աջակցելը, հայերենի ուղղագրության միասնականացմանը նպաստելը, ՀՀ տարածքում ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը երաշխավորելը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փաստաթղթի ընդունմամբ հնարավոր կլինի.
1) կատարելագործել հայերենի` որպես պետական լեզվի գործառությունն ապահովող օրենքները, ապահովել օրենքի միատեսակ կիրառում՝ հայերենի կիրառությունը կարգավորող այլ օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի նորմերը համապատասխանեցնելով «Լեզվի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև իրավական հիմք ստեղծել լեզվական քաղաքականության բնագավառում ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար,
2) բարձրացնել լեզվի բնագավառում պետական կառավարման արդյունավետությունը՝ Լեզվի կոմիտեի կարգավիճակի փոփոխությամբ և նրա հաստատութենական հզորացմամբ,
3) Լեզվի կոմիտեին կից ստեղծել խորհրդակցական մարմին՝ գրական հայերենի կանոնարկումն ապահովելու նպատակով,
4) ներդնել մեխանիզմներ հայերենի տեխնոլոգիական կարգավորումների համընդգրկուն միասնական հիմքերն ու կիրառելիությունն ապահովելու համար,
5) ստեղծել հիմքեր թվային տիրույթում հայերենի կայուն և զարգացող ներկայությունն ապահովելու համար,
6) ներդնել ՀՀ-ում լեզվավիճակի շարունակական մշտադիտարկման ու գնահատման, լեզվի բնագավառում պետական քաղաքականության պատշաճ հաշվետվողականության մեխանիզմներ:
Նախագծում նշված է, որ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում, որոնց ծավալ ը ճշգրտվում և ֆինանսավորվում է բյուջետային գործընթացի շրջանակում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում