Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը
ՀասարակությունՄարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) թարմ տվյալներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվող սիրիացի վարձկանների շրջանում գրանցված կորուստներից վերաբերյալ:
Ինչպես հաղորդվում է, կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ 9 սիրիացի գրոհային է մահացել, քանի որ թրքամետ սիրիացի վարձկաններին շարունակում են ուղարկել առաջնագիծ՝ կռվելու ադրբեջանական ուժերի կողմից:
Նախօրեին դիտորդական կենտրոնից հայտնել էին, որ 48 ժամում ակտիվիստները 27 մահվան դեպք են արձանագրել սիրիացի վարձկանների շրջանում:
Կենտրոնի տեղեկություններով՝ մահացած սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը գերազանցել է 170-ը, որոնցից 118-ի մարմիններն արդեն ուղարկվել են Սիրիա:
Բացի այդ, կենտրոնի վստահելի աղբյուրները հայտնում են, որ վարձկանների նոր խումբ է հավաքագրվել և պատրաստվում է մեկնել Ադրբեջան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։