Գեներալ Մովսես Հակոբյանն ասաց, թե որն է Արցախում մեր պարտության առաջին մեծ պատճառը
Հասարակություն
Պարտությունը կործանում չէ, այն նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է: Պետք է գնահատել ու ճիշտ հետևություններ անել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ Մովսես Հակոբյանը, ում խոսքերով, ամեն ինչ պետք է կոչել իր անունով ու ասել, որ մենք պարտվել ենք:
«Մեր պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է: ԶՈւ-ն խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ու պատերազմի ընթացքում ղեկավարելը: Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈւ-ի նախապատրաստումից»,-ասաց Հակոբյանը:
Գեներալը հիշեցրեց իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատվելը. «Ես հեշտությամբ չեմ ազատվել, քանի որ վարչապետն իրավասու չէ ազատել ԳՇ պետին:
Երբ կայացվել է այդպիսի որոշում, ես ասել եմ, որ կբողոքարկեմ հրամանը, պետք է հիմնավորեն: ԳՇ պաշտոնը լուրջ պաշտոն է: Հիմնավորում եմ պահանջել վարչապետից:
5 օր ես մտել եմ վարչապետի մոտ ու հիմնավորում պահանջել, հակառակ դեպքում ասել եմ, որ ազատման դիմում չեմ գրելու: Հիմնավորումը բերել է, դա ինձ բավարարել է, ասել եմ, որ կարող են հրամանը գրել:
Ես առաջարկել եմ պաշտոնյա, ով կարող է ինձ փոխարինել, պատրաստ եմ եղել կանգնել նրա կողքը: Ես չեմ ակնկալել, որ վարչապետն ինձ հետ պետք է խորհրդակցի, բայց նա կառավարության նիստում ասաց, որ ինձ ազատել է պաշտոնից, նշանակել է այլ պաշտոնի, իսկ նոր շտաբի պետ նշանակելու համար կխորհրդակցի ինձ հետ: Բայց նման խորհրդակցություն չի եղել:
Երբ այդ օրը Նախիջևանյան հատվածում խնդիր կար ու ես գնացել էի պարզաբանելու, վերադառնալուց հետո իմացա, որ ԳՇ պետ է նշանակվել: Ես պետք է մտնեի նրա մոտ ու զեկուցեի: Երբ իմացա, թե ով է նշանակվել, ասել եմ, որ ԶՈՒ ԳՇ պետի է նշանակել ամենաանպատրաստ գեներալին: Խոսքն Արտակ Դավթյան մասին է, իսկ ես առաջարկել էի Օնիկ Գասպարյանին, ով այսօրվա ԳՇ պետն է»:
«Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը»,-հավելեց նա: