Հայրենիքն ու երկիրը մայոր Վարդանյանի համար միշտ առաջին տեղում են եղել
ОбществоՄեսրոպ Սերյոժայի Վարդանյանը ծնվել է 1990 թվականի մարտի 13-ին Լոռու մարզի Լեռնանցք գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Ընդունակ ու խելացի աշակերտ էր, համեստ, համբերատար։ Ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ծառայության է անցել Արցախի Հանրապետության զինված ուժերում, ունի մայորի կոչում։ Ամուսնացած է, ունի հոգատար ու բարի կին, երկու հրաշք տղաներ։ Հայենիքն ու երկիրը մայոր Վարդանյանի համար միշտ առաջին տեղում են եղել։ Պատերազմի ամբողջ ընթացքում կռվել է ամենաթեժ վայրերում, իր զինվորների համար եղել ու մնում է հայրենասեր սպայի կերպար։ Իմանալով, որ վիրավոր զինվորներ կան շրջափակման մեջ, առանց վայրկյան անգամ տատանվելու գնում է տղաների հետևից, երրորդ անգամ անտեսելով ընկերների հորդորներն ու զգուշացումները, թե Շուշին արդեն թշնամու վերահսկողության տակ է, Վարդանյանը հետ չի կանգնում, ասելով ՝ վիրավոր տղաներս այնտեղ ինձ են սպասում, պիտի փրկեմ նրանց։ Ցավոք այս անգամ արդեն հայտնվում է թշնամու թիրախի տակ... Իր կյանքի երեսուն տարիների ընթացքում հասցրել է վայելել ընտանեկան ջերմությունը, ծանոթների ու զինակից ընկերների սերն ու հարգանքը, զինվորներին իր երեխաներից չի տարբերել, թեպետ գրեթե հասակակիցներ էին։ Իր կատարած սխրանքների համար առաջադրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի։ Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, իմացի՛ր, այս պատերազմում դու հաղթել ես երկրորդ կյանք տալով այն տասնյակ զինվորներին, որոնց փրկեցիր։ Խոնարհվում ենք քո առաջ, որդիներդ, անշուշտ, կլսեն քո մասին ու հպարտանալու շատ առիթներ կունենան, անունդ կգրվի դասագրքերում, գործդ անմահ է։ Հայրենիքը կզգա քո կարոտը, ննջիր խաղաղությամբ, մայոր Վարդանյան: