«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան եւ բզիկ-բզիկ են անում». Վարդան Պետրոսյան
ОбществоԴերասան Վարդան Պետրոսյանն, որն այսօր Ազնավուրի հրապարակում մասնակցում էր մտավորականների հավաքին, չի հուսահատվել, որ հավաքը մարդաշատ չէր: Նա վստահ է, որ մարդիկ դեռ կշատանան, քանի որ այն պահանջները, որոնք դրվում են, իբրեւ մարդ, շատերն են սատարելու: Պահանջները հիշեցնենք, հետեւյալն են` ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զնիվորների դիերը հարազատներին: Դրանք ուղղված են միջազգային հանրությանը: Ներքաղաքական, ներհասարակական իրավիճակին, պարտության պատասխանատուներին, գնահատականներ Վարդան Պետրոսյանը չի տալիս` ասում է` լավ տեղեկացված չլինելու պատճառով: Բայց որ հասարակության ներսում պառակտում կա եւ դա ամենավտանգավոր բաներից է դա համարում, միանշանակ է: Վարդան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուսափում է պառակտման սկզբնաղբյուրների մասին խոսել, քանի որ այդ հարցը լուրջ վերլուծություն է պահանջում: «Ամենավտանգավոր պահը այս պահն մեղավոր փնտրելն է: Պառակտումը շատ վտանգավոր բան է: Պարտությունից հետո այդպես լինում է…»,- ասաց նա` հիշելով մի ֆիլմ, որում ներկայացվում են Երկրորդ համաշխարհայինում Ճապոնիայի պարտությունը եւ դրանից հետո կայսրը խոսում է, ու բոլորը լուռ լալիս են… կայսրը ներողություն է խնդրում իր ժողովրդից, որ այդպես ստացվեց եւ ինքը չկարողացավ պաշտպանել իր ժողովրդին: