Վիտալի Բալասանյան.Արցախի հանրապետությունն ունենալու է իր սեփական զինված ուժերը
ՔաղաքականԱրցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Aravot.am-ին տված հարցազրույցում խոսել է սեփական բանակ ունենալու մասին.
Հիմա մենք տարբեր ծրագրեր ենք մշակում. Արցախի հանրապետությունն ունենալու է իր սեփական զինված ուժերը, մենք ուժեղացնելու ենք ոստիկանական ուժերը, Ազգային անվտանգության ծառայության ուժերը:
Մեր պահեստազորն ու աշխարհազորը օրենքի շրջանակներում ռազմականացնելու ենք, անցնելու ենք սահմանապահ ծառայության, խաղաղապահ ուժերն իրենց առաքելությունն են իրականացնելու եւ այն կոնտինգենտը, ինչը մտնում է խաղաղապահ ուժերի մեջ:
Դա վերաբերում է ե՛ւ օդանավակայանին, ե՛ւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ե՛ւ այն բուժծառայությանը, որը Ռուսաստանի Դաշնությունից տեղակայված է Արցախում: Մենք ունենք երկու դաշտային հոսպիտալ, որի հետ իրականացնում ենք այդ աշխատանքները, որոնք համաձայնեցված են:
Իհարկե, այս պահի դրությամբ չկան այդ փաստաթղթերը, բայց այդ համագործակցության փաստաթղթերը լինելու են՝ ռազմական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, արտակարգ իրավիճակների, սահմանապահ ծառայությունների: Մենք սուբյեկտ ենք եւ անկախ ամեն ինչից՝ միջազգային ճանաչում ունի Արցախը, թե՝ ոչ, դա մեզ համար երկրորդական է, եւ այն արցախցիները, որոնք պատերազմական գործողությունների ժամանակ մեկնել են այլ երկրներ, թե՛ Հայաստանի Հանրապետություն, թե՛ Ռուսաստանի Դաշնություն, կոչ եմ անում ու հորդորում եմ թող արագ վերադառնան իրենց օջախները:
Թող վստահ լինեն, որ անվտանգության հարցերը լրիվ կարգավորված են եւ անվտանգության բաղադրիչն ավելի ենք ուժեղացնելու: