Աշխատանքային հարցազրույցների ընթացքում թույլ տրվող հինգ հիմնական սխալները
LifestyleWoman.ru-ն նշել է հինգ հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս մարդիկ՝ աշխատանքային հարցազրույցների ժամանակ: Ստորև ներկայացնում ենք դրանք:
- Ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին
Հարցազրույցի գնալիս հաստիքին համապատասխան հագուստ կրեք, որը վառ գույներով չի առանձնանա: Ուշադրություն դարձրեք նաև կոկիկությանը. էժան, արդուկված հագուստը գերադասելի է թանկարժեք, բայց վատ վիճակում գտնվող հագուստից: Հագուստը և կոշիկը պետք է մաքուր լինեն: Դիմահարդարումը չպետք է շատ վառ լինի, մի՛ մոռացեք նաև օծանելիքի չափավոր օգտագործման մասին:
- Հետևեք էթիկայի կանոններին
Հարցազրույցից առաջ անջատեք հեռախոսը: Զրույցի ընթացքում մի՛ ընդհատեք խոսողին, եղեք հարգալից: Անպայման մտապահեք և ճիշտ արտաբերեք զրուցակցի անունը և ընկերության անվանումը:
Կոպիտ սխալներից մեկը մաստակ ծամելն է: Խորհուրդ չի տրվում աջակցության խմբով գնալ հարցազրույցի:
Անմիջականությունը լավ է, բայց հիշեք, որ հանդիպումը պաշտոնական բնույթ է կրում:
- Մի՛ ստեք Ձեր հմտությունների և կարողությունների մասին
Եթե Ձեր հմտությունների և կարողությունների մասին ստեք, հնարավոր է, որ չկարողանաք ապացուցել դրանց առկայությունը: Այդ դեպքում Դուք ոչ միայն չեք ընդունվի աշխատանքի, այլև ստելու պատճառով ամոթի այրող զգացում կունենաք:
Շատերը նշում են այնպիսի հմտություններ, որոնք իրենց մոտ բացակայում են՝ համոզված լինելով, որ աշխատանքի ընթացքում ձեռք կբերեն դրանք: Այդ դեպքում ավելի լավ է անկեղծորեն ասել, որ տվյալ հմտությունը չունեք, բայց արագ ձեռք կբերեք:
- Մի՛ բողոքեք նախկին ղեկավարից
Հարցազրույցի ընթացքում գնահատում են ոչ միայն Ձեր հմտությունները, այլև նախկին աշխատանքային փորձը: Եթե նախորդ աշխատանքային փորձի մասին պատմելիս բողոքեք Ձեր նախկին ղեկավարից և (կամ) նշեք, որ ամեն ինչ ինքներդ եք արել, և որ նա մասնագետ չէր, ապա պոտենցիալ գործատուն կարող է կարծել, որ իր մասին նույնպես նման կերպով կարտահայտվեք:
Ձեր փորձից անկախ՝ կենտրոնացեք դրական կողմերի վրա, խոսեք Ձեր ձեռքբերումներից. Նշեք, որ շնորհակալ եք նախկին գործընկերներին՝ ձեռք բերված փորձի և հմտությունների համար:
- Ընկերության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեք
Պարզելուց հետո՝ արդյո՞ք Դուք պետք եք ընկերությանը, գործատուն փորձում է պարզել՝ արդյո՞ք Ձեզ պետք է ընկերությունը: Եթե ընկերության նկատմամբ թույլ հետաքրքրվածություն ցուցաբերեք, Ձեզ, հավանաբար, կմերժեն, քանի որ ցանկանում են, որ թափուր տեղը երկար ժամանակով զբաղեցվի: Կարող եք նշել՝ ինչ կարող եք տալ ընկերությանը, ինչու եք որոշել գնալ հարցազրույցի և այլն:
Նախապես պատրաստեք նաև Ձեր հարցերը: Դրանք պետք է վերաբերվեն ոչ միայն աշխատավարձին և արձակուրդին, այլև Ձեր ապագա պարտականություններին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը