Մեր երկրին անհապաղ ուժեղ ձեռք է պետք. Կարեն Քոչարյան
SocietyԱյս պահին հասարակությունը չի ցանկանում ոչինչ ընդունել. Կարեն Քոչարյան Իրադարձությունները ցույց են տալիս, որ հետպատերազմական հայաստանյան քաղաքական կյանքը գնալով հյուծվելու նշաններ է ցույց տալիս, ինչը խոսում է այն մասին, որ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը, այնուամենայնիվ, մեծ հաշվով չհաջողվեց լուծել երկրում սկսված ներքաղաքական ճգնաժամը:
Այդուհանդերձ՝ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, համոզված է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա համար հասկանալի չէ նաև նախկիններ, ներկաներ դիսկուրսը, առավել ևս, երբ այդ համատեքստում կոնկրետ անհատների անուններ չեն հնչեցվում: «Նույն Նիկոլ Փաշինյանը, ով ավելի շատ է սիրում նախկիններ ասել, թե՛ ինքը, թե՛ Գագիկ Ջահանգիրյանը, նախկին՝ 30 տարվա կտրվածքով նույն նախկին են:
Պետք է հաշվի առնել, որ այդ տարիների ընթացքում մենք ունեցել ենք լրջագույն և՛ պարկեշտ, և՛ պրոֆեսիոնալ կադրեր: Ու թեև ունեցել ենք նաև հակառակը, բայց, այնուամենայնիվ, չի կարելի բոլորին մեկ բառով բնութագրել: Եթե նախկին ասելով նկատի է առնվում համակարգը, ապա, բնական է, որ նախկին համակարգը չի՛ կարղ և չպե՛տք է վերականգնվի, այլ՝ այն պետք է քանդվի մինչև վերջ:
Եվ այս տեսանկյունից, նախկին համակարգը կարող են քանդել նաև այն մարդիկ, որոնք աշխատել են այդ հակարգի պայմաններում, ատելով այն ամենը, որը եղել է»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Կ. Քոչարյանը: Խոսելով ըննդիմադիր 17 ուժերի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդեպ հասարակության մոտ ձևավորված տրամադրությունների մասին, քաղտեխնոլոգը նշեց, որ դրանք տարբեր են, պայմանվորված տարբեր գործոններով:
«Պատրության շոկի և դրա հետևանքով առաջացած ապատիայի արդյունքում հասարակության մի մասը կարող էր չընդունել անգամ հրեշտակի: Սակայն, ոչ թե այն պատճառով, որ այդ անձին չեն ընդունում, այլ՝ այն պատճառով, որ այս պահին ոչինչ չեն ցանկանում ընդունել: Ցավոք, այսօր այդպիսին է իրավիճակը»,- ասաց Կ. Քոչարյանը:
Խոսելով քաղաքական ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերի մասին Կ.Քոչարյանը նշեց, որ այն երկրներում, որտեղ չի հաջողվում հաղթահարել ճգնաժամը, պետություններն են լուծարվում այլ ձևաչափերի մեջ: «Սա է պատմական և ոչ պատմական իրականությունը: Կա՛մ հասարակությունը ճգնաժամը լուծում է պետության կազմի շրջանակներում, վերականգնում է պետական բոլոր ինստիտուտները և շարունակում է շաժվել առաջ, կա՛մ պետությունը դադարում է գոյություն ունենալուց:
Ներկա պայմաններում, իմ կարծիքով մեր երկրին անհապաղ ուժեղ ձեռք է պետք: Մարդ, որը կգա և կվերականգնի այն բոլոր ինստիտուտները, որոնք այսօր գոյություն չունեն, սկսած պետության անվտանգային համակարգերից, մինչև իշխանության այլ ճյուղեր: Իմ կարծիքով, ներկայիս քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ լուծումը սա է»,- ասաց Կ. Քոչարյանը: Ըստ քաղտեխնոլոգի՝ իշխանափոխության տարբեր մեխանիզմներ կան, բայց որ իշխանափոխությունը անհրաժեշտություն է՝ միանշանակ է:
Հարցը, թե ո՞ւմ կհաջողվի համախմբել հասարակությանը և արդյո՞ք կան վառ անհատականություններ, որոնց կհաջողվի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել և լուծել ճգնաժամը չի անհանգստացնում Կ. Քոչարյանին, քանի որ ներկայիս վարչապետ Փաշինյանի օրինակը ցույց է տվել, որ ճգնաժամերի ժամանակ քաղաքական երկնակամարում միշտ էլ ծագող աստղեր գտնվում են:
«Համոզված եմ, որ անպայման կլինի այնպիսի անհատ, որին կհաջողվի ճեղքել ճգնաժամը, իսկ եթե դա տեղի չունենա, ցավոք, կկորցնենք մեր երկիրը: Գուցե դաժան է հնչում, սակայն դա է իրականությունը: Ինչ վերաբերում է լիդերին, ապա նրան ևս ծնում է հասարակությունը, բայց պետք է հաշվի առնել, որ դա թեև անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, քանի որ հասարակությունը պետք է կարևորի ոչ միայն կոռուպցիայով չզբավելու հանգամանքը, այլ այնպիսի հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են երկրի ողջ կենսագործունեությունը ապահովելու և երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար»,- ասաց Կ. Քոչարյանը:
Արմինե Գրիգորյան