Հայաստանը պետք է իր պատկերացումներն ունենա և դրանցով առաջ շարժվի. Բորիս Նավասարդյան
ՔաղաքականԱրցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները չեն դադարում մնալ վերլուծական շրջանակների ուշադրության կենտրոնում: Մի մասի կարծիքով, մեծ հաշվով Ադրբեջանի ախորժակը բավարարելուց բացի պատերազմը Հարավային Կովկասում ռուս-թուրքական ազդեցության գոտիների ճշգրտման ենթատեքստ ուներ, քանի որ Թուրքիայի նախագահը ցանկանում էր իր ներկայությունն ընդլայնել տարածաշրջանում: Որոշ վերլուծաբանների կարծիքով, սակայն Արցախի դեմ մղված պատերազմական 44 օրերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Թուրքիային այդպես էլ չհաջողվեց տարածաշրջանում գերիշխող դիրք գրավել և իրականացնել իր առջև դրված մինիմում ծրագիրը: Փոխարենը Ռուսաստանին հաջողվեց կրկին անգամ ցույց տալ, թե ով է տարածաշրջանի տերը:
«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ վերլուծաբանների կարծիքները տարբեր են և խիստ հակասական, սակայն Հայաստանը պետք է իր պատկերացումներն ունենա կատարվածի վերաբերյալ և դրանցով առաջ շարժվի:
«Պետք է հաշվի առնել, որ Ռոսւաստանը բավականին հստակ քաղաքականություն է իրականցնում, փորձելով իր ազդեցությունը պահպանել ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ադրբեջանի վրա: Այդ առումով, առաջին հերթին փորձ է արվում զարգացնել տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասի երկու երկրները ինտեգրել ռուսաստանյան ազդեցության գոտուն: Ուշագրավ է նաև, որ Ռուսաստանը բավականին հմուտ կերպով փորձում է օգտագործել Մինսկի խմբի ձևաչափը, միևնույն ժամանակ թույլ չտալով, որ համանախագահող մյուս երկրները Ռուսաստանի նման նույն կշիռն ու ազեցությունն ունենան այս տարածաշրջանում: Եվ պետք է նկատել, որ այդ հարցում Ռուսաստանը բավականին լուրջ հաջողության է հասել»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Բ. Նավասարդյանը:
Նրա դիտարկմամբ, սակայն, հավասարակշռությունը կարող է փոխվել, եթե Միանսկի խմբի համանախագահող երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն որոշում կայացնեն Հարավային Կովկասում մեծացնել իրենց քաղաքականությունը, ինչը այս պահին, ըստ Նավասարդյանի, քիչ հավանական է: Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, հայկական կողմը պետք է ուշի ուշով հետևի աշխարհաքաղաքական զարգացումներին և բոլոր իրադարձությունները վերլուծի իր տեսանկյունից և այդ համատեքստում մշակի իր արտաքին քաղաքականությունը, որը, ցավոք, կարծես այդքան էլ այդպես չէ: