«Ազդեցությունը տևական կլինի. 2021-ին բարդ տնտեսական տարի է սպասվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի խոսքով, 2021 թ.-ին բարդ տնտեսական տարի է սպասվում: «Փաստ»-ը տնտեսագետի հետ զրույցում անդրադարձել է առկա իրավիճակին՝ դիտարկելով նաև տնտեսական հնարավոր հեռանկարները:

-Պարոն Վարդանյան, ընդհանուր առմամբ, տնտեսական ինչպիսի՞ անկում է արձանագրվել նախորդ տարում, ի՞նչ հիմնական միտումներ են ձևավորվել տնտեսության մեջ:

-ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալները հիմք են 2020 թ. տնտեսական զարգացումների նախնական գնահատման համար: Առաջին հերթին, նշանակալի է եղել տնտեսական ակտիվության նվազումը: 2020 թ. 11 ամիսների տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը՝ ՏԱՑ-ը, 2019 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 99,1 %, անկումը՝ 7,6 տոկոսային կետ: Էլ ավելի նշանակալի է տարբերությունը 2020 թ. հունվարի և նոյեմբերի ՏԱՑ-երի միջև՝ 16,4 տոկոսային կետ: Հետևաբար, ձևավորվել է տնտեսական ակտիվության նվազման հստակ միտում¬, ինչը խորացել է եռամսյակից եռամսյակ: Անկման գլխավոր գործոն է հանդիսացել կորոնավիրուսի համավարկը, մի կողմից էլ համաշխարհային տնտեսության, իսկ մյուս կողմից՝ ՀՀ տնտեսության մասնակի կանգը: Գործոն է նաև ներքաղաքական վիճակը: Մարտին, երբ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումներ եղան, ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ նվազեց 5 տոկոսային կետով: Այնուամենայնիվ, հետագայում այդ անկումը խորացավ: ՏԱՑ-ի անկմանը նպաստել է հատկապես շինարարության՝ 11,2, առևտրի՝ 13,5 և ծառայությունների ծավալների՝ 13,6 տոկոս անկումը: Արտաքին առևտրաշրջանառության անկումը կազմել է 12,4 %: Հատկապես նշանակալի է եղել ներմուծման ծավալի 15,9 % անկումը: Վերոնշյալը հիմք է եզրակացնելու, որ 2020 թ. տնտեսական անկումը կարող է կազմել 7-9 %:

-Հաշվի առնելով նախորդ տարվա զարգացումները, որոնք հանգեցրին նաև մարդկային և այլ անդառնալի կորուստների, ի՞նչ է սպասվում 2021 թ.-ին, կամ, միգուցե, առաջին 6 ամիսներին:

-Համաշխարհային մասշտաբով տեղի է ունեցել առաջարկի և պահանջարկի շոկ՝ կապված համավարակի հետ: Նման դրսևորումներ նաև մեզանում են տեղ գտել: Պատերազմը նույնպես որոշակի ազդեցություն ունեցավ ՀՀ-ում պահանջարկի շոկի խորացման ուղղությամբ: Պահանջարկի շոկը որոշակիորեն դրսևորվեց առևտրի և ծառայությունների ծավալների նվազման ձևով: Պակաս նշանակություն չունեցավ նաև պատերազմի հոգեբանական ազդեցությունը: Այդ շոկն առաջիկա ամիսներին աստիճանաբար կհաղթահարվի: Առաջարկի շոկը գլոբալ մասշտաբով հանգեցրեց առաքման գլոբալ շղթաների խաթարմանը, և դրանցում սկիզբ առան հսկայական վերադասավորման գործընթացներ: Առաջիկայում որոշիչ կլինի այն, թե այս կամ այն երկրի ընկերությունները որքանո՞վ արագ կկարողանան վերադիրքավորվել ձևավորվող առաքման նոր շղթաներում ինտեգրվելու համար: Այդ տեսակետից կարևորվում են ինովացիոն տեխնոլոգիական լուծումները, որոնք Հայաստանում հազվադեպ են: Այսինքն, առաջացած հնարավորություններից օգտվելու շանսերը փոքր են: Ինչ վերաբերում է պատերազմի ազդեցության հետևանքներին, ապա դրանցից էականը մարդկային կորուստներինը կլինի: Պակաս ազդեցություն չեն ունենա տարածքային ու արտադրական բազաների և ենթակառուցվածքային կորուստները. նշանակալի կլինի Արցախի (նրանից մնացած մասի) և Հայաստանի տնտեսությունների ապաինտեգրման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Հետպատերազմյան զարգացումների ազդեցությունը կլինի տևական, իսկ համավարակինը, ենթադրաբար, մինչև ամառ: Հետևաբար, 2021 թ. առաջին կիսամյակում բոլոր առումներով էական դժվարություններ են սպասվում: Այդուհանդերձ, նկատի ունենալով Հայաստանի տնտեսության փոքր և ոչ ինովացիոն լինելը, նրա վերականգնվելը մինչև տարեվերջ իրատեսական է թվում, եթե, իհարկե, ներքաղաքական իրավիճակը կայուն լինի: Անցած տարվա կորուստների բնույթը և մասշտաբներն այլընտրանք չեն թողնում. տնտեսության կառուցվածքային որակական փոփոխությունների իրականացումը, տեխնոլոգիական փոփոխությունների արագացումը¬, կառավարման և տեխնոլոգիական ինովացիաների զանգվածային կիրառումը անհրաժեշտություն են դարձել: Այդ ամենն իրականացնելու համար կպահանջվի ձևավորել «զարգացման պետություն», որը ենթադրում է որոշակի ավտորիտար տարրերի ներմուծում պետական կառավարման մեջ:

- Տարին սկսվել է ներդրումների մասին քննարկումներով: Տնտեսական բլոկի ներկայացուցիչներից ոմանք անգամ համոզված են, որ հենց հիմա կարող ենք շատ մեծ ներդրումներ բերել: Զուգահեռ՝ բիզնեսի ներկայացուցիչներից շատերը վարկերով հազիվ աշխատելու մասին են մատնանշում: Ընդհանուր առմամբ, ի՞նչ միտումներ են ձևավորվել ներդրումների առումով:

-Ներդրումների կարևորությանը մշտապես անդրադարձեր լինում են, ինչը պայմանավորված է տնտեսական զարգացման մեջ դրանց որոշիչ դերով: Հավանաբար, երբ ասվում է «ներդրումներ բերելու» մասին, ապա նկատի են ունենում օտարերկրյա ներդրումները: Այս տեսակետից միտումները մտահոգիչ են: Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2020 թ. հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալների բացարձակ փոփոխությունը եղել է բացասական. «ընդամենը ներդրումներ»՝ -85,2 մլրդ դրամ, «ուղղակի ներդրումներ»՝ -38,1 մլրդ դրամ:Օտարերկրյա ուղղակի ներդրումներից ակնկալիքները չեն կարող մեծ լինել՝ կապված գլոբալ միտումների հետ, որոնց վրա ազդեցություն ունեցավ 2020 թ.-ին սկիզբ առած համավարակը:

Առաքման գլոբալ շղթաներում տեղի ունեցող վերադասավորումները հանգեցրել են նրան, որ ներդրումները հիմնականում հոսում են դեպի այն երկրներ և ընկերություններ, որոնք ներգրավված են դրանցում: Հայաստանը նման շղթաներում ներգրավված է հիմնականում հումք մատակարարելով, ինչը նվազեցնում է ներդրումների մեծ ներհոսքի հնարավորությունը: Իրավիճակը փոխելու տեսանկյունից կարևորվում է ինովացիոն արտադրությունների զարգացումը, այդ ճանապարհով արտահանման մեջ ավելացված արժեքի բաժնեմասի մեծացումը: Առաքման գլոբալ շղթաներում միայն այդպիսի արտադրանքով ներգրավվելով՝ հնարավոր կլինի ապահովել երկրի առաջընթացը: Հետևաբար, առաջիկայում որոշիչ է դառնում ներքին ներդրումային ներուժն օգտագործելը, համախառն ներքին խնայողությունները ներդրումային ռեսուրսների վերափոխելը:

- Ներդրումների մեծ ներհոսք ապահովելու համար կարևոր նշանակություն ունեն ներդրումներ ընդունող երկրի տրանսպորտային ենթակառուցվածքները: 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին էր, որը հունվարի 11-ին, ըստ էության, ավելի հստակեցվեց: Իրականում սա կնպաստի՞ ներդրումների ներհոսքին, ՀՀ տնտեսության զարգացմանը:

-Ակնհայտ է, որ Հայաստանի նման հատկապես ծովային ելք չունեցող ցանկացած երկրի համար տրանսպորտային գործոնը կարևոր է: Կարևոր են բաց սահմանները, մոտակա նավահանգիստների մատչելիությունը: Արդեն երեք տասնամյակ է, ինչ Հայաստանը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, չունի հաղորդակցության օպտիմալ ուղիների ընտրության հնարավորություն: Այդ ամենն ազդել է ոչ միայն առանձին արտադրատեսակների ինքնարժեքի վրա՝ դրանք դարձնելով պակաս մրցունակ, այլև պայմանավորել է երկրի տնտեսության կառուցվածքը. երբեմնի զարգացած մեքենաշինական համալիր ունեցող երկիրն ամբողջությամբ ապարդյունաբերականացվել է, ինչը սպառնալիք է դարձել ոչ միայն տնտեսական անվտանգության, այլև ազգային անվտանգության համար:

Անշուշտ, այդ վիճակը ձեռնտու է հարևան թշնամի երկրներին: Այդուհանդերձ, Հայաստանով անցնող տրանսպորտային կապերի ապաշրջափակումն առաջին հերթին հսկայական օգուտներ կբերի հենց նրանց, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային հաղորդակցությունը մեծ հեռանկարներ է բացում իրենց համար: Իհարկե, ասվում է նաև, որ Հայաստանն էլ տնտեսական մեծ օգուտներ կստանա: Այս հարցին հարկավոր է զգուշավոր մոտենալ և հաշվի առնել, թե ինչ տնտեսություններ ունեն հարևան երկրները, ինչ այլ՝ ոչ տնտեսական նպատակներ են հետապնդում նրանք: Այս առումով ուշագրավ է Ճապոնիայի փորձը: Եվրոպացի առևտրականները և միսիոներները, որոնք Պորտուգալիայից և Իսպանիայից էին, Ճապոնիայի ափեր են հասել 16-րդ դարի կեսին: Նրանք զբաղվել են ոչ միայն առևտրով, այլև քարոզել են կաթոլիկություն, ինչը սպառնալիք էր Ճապոնիայի միավորման համար:

Ճապոնիայի կառավարողները գիտակցեցին, որ եվրոպացիներն Ասիայում կտրականապես չեն ցանկանում սահմանափակվել միայն առևտրով և վաղ թե ուշ կանցնեն արևել յան երկրների բռնազավթմանը: Այդ պատճառով էլ Ճապոնիայում 1633-1639 թվականներին Տոկուգավայի սյոնգունատը (կառավարությունը) ձեռնարկեց մի շարք քայլեր. սահմանափակվեց առևտուրն այլ երկրների հետ, արգելվեց կաթոլիկ միսիոներական գործունեությունը, արտասահմանյան գրքերի ներմուծումը, օտարերկրացիների մուտքը Ճապոնիա, ճապոնական հպատակների չարտոնված մեկնումն արտասահման: Այդպիսով, Ճապոնիան ինքնամեկուսացվեց արտաքին աշխարհից: Այդ իրավիճակը տևեց 220 տարի: 1853 թ.-ին ամերիկյան նավերը, Մեթյու Փերիի հրամանատարությամբ¬, ստիպեցին մի շարք անհավասար պայմանագրերով Ճապոնիան բացել՝ Ամերիկայի (ըստ էության՝ Արևմուտքի) հետ առևտրի համար:

Եթե զուգահեռներ տանենք Հայաստանի հետ, ապա, ստացվում է, որ Արցախյան պատերազմի արդյունքում Հայաստանն արդեն 30 տարի շրջափակողները պարտադրեցին ապաշրջափակում՝ անհավասար համաձայնությունների միջոցով:Եթե Ճապոնիայի պարագայում շուկան բացելու խնդիր էր լուծվում, ապա Հայաստանի պարագայում հեռու գնացող նպատակադրումներ են արվում, որոնք սպառնալիքներ են առաջացնում մեր երկրի անվտանգության համար: Ամեն դեպքում, հարկ կլինի ձեռք բերված պայմանավորվածություններից բխող ցանկացած գործողություն կատարել այնպես, որպեսզի՝ առաջին՝ չեզոքացվեն մեր ազգային անվտանգության սպառնալիքները, երկրորդ՝ առավելագույնի հասցվեն տնտեսական օգուտները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանում, որ իր իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը. Էդմոն Մարուքյան «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից Հայ ձյուդոիստի գերազանց հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին Միջազգային աղմկոտ սկանդալ է սպասվում Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են Ֆեյսբուքից Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդար ընտրություն նա չի կարողանալու կազմակերպել».Վանեցյան Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի «Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Ալիև. Մենք Հայաստանին կպարտադրենք Հայ հայտնիներ, որոնց հարազատները զոհվել են պատերազմում Կրկին գնաճ. որ ապրանքներն են թանկացել Ինչ իրավիճակ է ՊՆ-ի դիմաց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում
website by Sargssyan