Հայաստանի դեմ որևէ ոտնձգության անելուց առաջ պետք է երկար մտածեն. Ռուբեն Սաֆրաստյան
ՔաղաքականՓետրվարի 1-ից 12-ը Թուրքիան և Ադրբեջանը Կարսում պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել: Ուշագրավ է, որ զորավարժություններն անց են կացվելու Հայաստանի հետ սահմանին, ինչը նոր հարցեր է առաջացնում, հատկապես՝ Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական, ահաբեկչական 44-օրյա պատերազմից հետո: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, այս զորավարժությունը ռազմականից բացի նաև հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում: «Ես համոզված եմ, որ թուրքական գլխավոր շտաբի մասնագետները հատուկ նաև այս հանգամանքն են հաշվի առել, որը բավականին լայն արձագանքի է արժանացել տարբեր շրջանակների կողմից: Այսինքն՝ հերթական քայլն է արվում Հայաստանի ազգաբնակչության վրա հոգեբանական ճնշումը ուժեղացնելու համար: Կարսում զորավարժություններ անցկացնելու նպատակն այն է, որ այն ավելի մոտ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազային, ինչը իրենց կարծիքով հերթական ուժի ցուցադրությունն է լինելու և՛ Հայաստանին և՛ Ռուսաստանին: Հայկական կողմը պետք է շատ ուշադիր հետևի այս զորավարժություններին, ինչը, կարծում եմ, այդպես է: Բացի այդ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի թուրք-ադրբեջանական կողմի՝ հայ հասարակության վրա ճնշում գործադրելու փորձը ձախողվի: Ուստի շատ կարևոր է բացատրական աշխատանքեր իրականացնել հասարակության շրջանում, քանի որ Հայաստանի հանդեպ իրականացվող ցանկացած ոտնձգություն, համոզված եմ, Ռուսաստանի կողմից կարժանանա շատ կտրուկ հակազդեցության: Ոստի, իմ կարծիքով՝ թուրքերը և ադրբեջանցիները Հայաստանի դեմ որևէ ոտնձգության անելուց առաջ պետք է շատ երկար մտածեն»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Արմինե Գրիգորյան