Երկիրը՝ փորձադաշտ, անփորձները՝ պատուհաս
PoliticsԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատել է, որ թեև վերջնական որոշում այս պահին չկա, բայց իրեն ԱՄՆ դեսպան նշանակելու մասին շրջանառվող խոսակցությունները համապատասխանում են իրականությանը: Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինքն արդյո՞ք ունի դիվանագիտական աշխատանքի փորձ, Մակունցը պատասխանել է. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով, քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»: Նման պատասխանը, Մակունցի դեպքում, անշուշտ, սպասելի է, քանի որ նա նույն մեծամտությամբ ստանձնեց նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, արհամարհելով այդ պաշտոնի կարևորությունը, կրկին հղում անելով քաղաքական որոշմանը: Թե ինչպես նա կարողացավ ընդամենը մի քանի ամիս յոլա գնալ այդ պաշտոնում, բոլորի համար պարզ է, բայց որ Մակունցը նույն համառությամբ կարող է իրեն տեսնել աշխարհի ԱՄՆ-ի նման գերտերության դեսպանի պաշտոնում, դա արդեն չափազանց է: Այս ամենը նշանակում է, որ ներկա իշխանությունները կա՛մ այդպես էլ չեն պատկերացնում, թե ինչ է պետությունը և ինչքան կարևոր է միջազգային ասպարեզում առանցքային դերակատարում ունեցող երկրի դեսպանի պաշտոնը, կա՛մ որոշել են միջազգային հարաբերությունները ևս իջեցնել իրենց հատուկ մանկամտության աստիճանի: Ինչ վերաբերում է Մակունցի՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում իրականացված աշխատանքին, ապա նույն այդ փորձը ցույց է տալիս, որ նա այդպես էլ չի կարողացել աճել որպես քաղաքական գործիչ: Այսինքն՝ նաընդհանրապես անելիք չի կարող ունենալ նման պատասխանատու պաշտոնում: Ստացվում է, որ երկիրը անփորձների ձեռքը հայտնվել է պատանդի կարգավիճակում, իսկ անփորձ պետական պաշտոնյաները դարձել են երկրի համար պատուհաս: Եվ այս շրջապտույտից դուրս գալու համար հարկավոր է կա՛մ այդ նույն անփորձներին բացատրել, թե ինչ է պետականությունը, կա՛մ սովորեցնել, որ չի կարելի սեփական կարիերան կառուցել բախտախնդիր քայլերով, առավել ևս երբ նախորդ պաշտոններում այդպես էլ չեն կարողացել փայլել ո՛չ իրենց տեսակով, ո՛չ գիտելիքով, ո՛չ էլ քաղաքական փորձառությամբ: Ժամանակն է կանգ առնել ու լրջանալ, հակառակ դեպքում ինչպես մարտի դաշտում տանուլ տվեցինք, ստիպված կլինենք տանուլ տալ նաև դիվանագիտական հարթությունում, որն ինչպես հայտնի է, առանց Մակունցի օգնության էլ բավականին ցածր մակարդակի վրա: Եվ ամեևին պետք չէ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հետը հանել, առավել ևս, երբ այլևս նահանջելու տեղ չկա:
Արմինե Գրիգորյան