«Սուրմալու»-ն թեև դարձել է ամենօրյա հրդեհների օջախ, բայց դրանով զբաղվող կարծես թե չկա
ՀասարակությունOrer.am-ը մեկ անգամ չէ, որ ահազանգ է ստանում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տիրող պայթյունավտանգ իրավիճակի մասին: Խնդիրն այն է, որ այստեղ, հոսանքալարերի անմխիթար լինելու պատճառով, գրեթե ամենօրյա ռեժիմով, հրդեհներ են բռնկվում և խաթարում են տաղավարների բնականոն աշխատանքը: Հոսանքի լարերը վաղուց չեն դիմանում լարվածությանը, իսկ ժամանակ առ ժամանակ, նույնիսկ, պայթում են գերբեռնվածության պատճառով:
Բացի այդ, առևտրի կենտրոնում չկան հրդեհային անվտանգության նպատակով առանձնացված մուտքեր ու ելքեր, և եթե հանկարծ լուրջ հրդեհ բռնկվի, անհնարին կլինի այն մարել և ողբերգությունը կանխել:
Փոքր խանութների թիվն ավելացնելու և սեփական եկամուտները բազմապատկելու համար, «Սուրմալուի» տնօրինությունը, փաստորեն անտեսել է տարածքի աշխատողների և հաճախորդների անվտագության հարցը, որի հետևանքով հնարավորինս փոքրացել են առևտրի տարածքի բոլոր հնարավոր մուտերն ու ելքերը, առևտրականներին զրկելով անգամ ինքնափրկության հնարավորությունից:
Տարածքում հրդեհային անվտանգության կանոնների մասին իրազեկող որևէ հիշատակում ևս չկա, իսկ եթե անգամ ինչ-որ տեղ ձևի համար որոշ պատառիկներ էլ լինեն, ապա այդ մասին ո՛չ առևտրականներն են տեղեկացված, ո՛չ էլ այցելուները:
Հին հոսանքալարերը, անկանոն կամ գրեթե գոյություն չունեցող անվտանգային համակարգերի բացակայության պատճառով մարդիկ ամենօրյա սպառնալիքի տակ են: Ուշագրավն այն է նաև, որ տոնավաճառի տնօրինություն հաշվի չի առնում նաև հրդեհի հետևանքով իր գործունեությունը մի քանի ժամով կամ օրով կասեցրած տաղավարի խնդիրները և վարձակալներից պահանջում են ամսվա համար նախատեսված վարձակալության ամբողջ գումարը վճարել:
Կարճ ասած՝ տնտեսվարողները նմանվել են կամիկաձեների, որոնք օրվա հաց վաստակելու համար ստիպված են նաև անմարդկային պայմաններում աշխատել, որը առևտի կենտրոնի սեփականատերերի կողմից անտեսում է:
Խնդիրն այնքան լուրջ է, որ կարող է մի օր վերածվել լուրջ ողբերգության: Ու թեև այդ դեպքում պատկան բոլոր կառույցները «ներկա» ստանալու համար իրենց պարտքը կհամարեն գալ և կանգնել, գուցե նաև խելոք մտքեր արտահատել, սակայն լավ կլինի, որ հաճախակի բռնկվող հրդեհների օջախի վերածված տարածքը մինչ ողբերգությունը հայտնվի պետական կառույցների ուշադրության կենտրոնում: Ժամանակն է, որ անհապաղ քայլեր ձեռնարկվեն կենտրոնում ստեղծված բարձիթողի իրավիճակը շտկելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հակառակ դեպքում կարող է կրկին կանգնենք կոտրած տաշտակի առաջ, առանց մտածելու, որ օպերատիվ ու հետևողական աշխատանք իրականացնելու դեպքում կկանխվեր և՛ ողբերգությունը, և՛ մարդկանց կյանքերը: