Փաշինյանը վստահության երկու թեստ է հանձնել և չի հաղթահարել. Վիգեն Հակոբյան
SocietyՔաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով Հայաստանում թեև ճգնաժամ է, սակայն ոչ թե քաղաքական, այլ՝ համակարգային, որը ներառում է տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական հարթությունները: Այս ամենի պատճառը, ըստ քաղաքագետի այն է, որ հասարակությունը չունի նպատակներ, ինչը բավականին վտանգավոր երևույթ է:
Մեջբերելով տարիներ առաջ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում երիտասարդների շրջանում իրականացված հարցման արդյունքները, Վ. Հակոբյանը նշեց, որ եթե հարևան երկրների դեպքում երիատասարդները ապագային միտված պետականաշինությանը վերաբերող հստակ տեսլական են ունեցել, ապա Հայաստանի պարագայում հարցվածների հիմնական նպատակը սահմանափակվել է լավ և բարեկեցիկ կյանք ունենալու երազանքով:
«Ժամանակը ցույց տվեց, որ հարևան երկրների երիտասարդները մեծ հաշվով հասել են իրենց ազգային նպատակին, իսկ հայերը, փաստորեն, ազգային նպատակ չեն ունեցել, որի արդյունքը այն էր, ինչ եղավ: Այսինքն՝ մեզ մոտ համակարգային ճգնաժամը սկսվել է մոտ 25 տարի առաջ, այն դեպքում, երբ մենք Արցախյան առաջին պատերազմի հաղթողն էինք և հպարտանալու հստակ առիթ ունեինք: Բանակը դարձրել էինք սուրբ կով և չէինք քննադատում, բայց 2016-ին հասկացանք, որ Հայոց բանակը ոչ բոլորի համար է սրբություն, իսկ կան մարդիկ, ում համար դա ընդամենը տուն պահելու հիմնարկ էր: Եվ դա է պատճառը, որ ներկայի զինվորական էլիտան իրեն չի համարում պատերազմի պարտության մեղավորը: Այս իրավիճակից դուրս գալու համար ուժեղ ձեռք է պետք, թե այլ համակարգ՝ կախված է նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես է գնահատում իրավիճակը: Եթե գիտակցենք, որ ներկա իրավիճակը տանում է պետականության կորտին, ինչը հավական է, ապա պետք է հիմա բավականին կտրուկ գործողություններ իրականացնել: Եվ դա կլինի, ուժեղ ձեռք կամ այլ ձևաչափ, այդքան էլ կարևոր չէ: Իմ կարծիքով՝ այս փուլում երկրորդական է, թե ժողովրդավարական ո՞ր մոդելով առաջ կշարժվենք, կարևորը պահի ֆորսմաժորային իրավիճկը գնահատելն է և ճիշտ հետևություն ու քայլեր անելը»,Orer.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ, սովորաբար պարտված բանակը էլիտա չի ունենում և դա է պատճառը, որ երկրում իշխանության հրաժարականի պահաջը չհասավ իր տրամաբանական վերջակետին: Այնուամենայնիվ, Վ. Հակոբյանը համոզված է, որ իշխանությունների մոտ տրամադրությունները ճամպրուկային են, հակառակ դեպքում չէին խոսի արտահերթ ընտրությունների մասին:
«Ես կարծում եմ, որ իրականում Նիկոլ Փաշինյանը վստահության երկու թեստ է հանձնել, որոնք երկուսն էլ չի հաղթահարել: Մեկը՝ Եռբլուրում տեղի ունեցած իրադարձություններն էին, մյուսը՝ Սյունիքի դեպքերը: Եվ այս պայմաններում, կարծում եմ, նույնիսկ Փաշինյանն է լավ հասկանում, որ ինքը այլևս վարչական ռեսուրս անգամ չունի և պետք է գնա: Մյուս կողմից ընդդիմությունը պետք է սովորի աշխատել սեփական, ոչ թե Նիկոլի ընտրազանգվածի հետ: Ժամանակն է, սեփական ընտրազանգվածին բացատրել, թե որ քայլից հետո ինչ է արվելու, որպեսզի հասարակությունը համախմբվի ընդդիմության շուրջ: Ես կարծում եմ, որ ներկայիս ընդդիմությունը փորձում է այդ ճանապարհով գնալ, այդ պատճառով էլ սկսել են մարզային հանդիպումներ ունենալ, քանի որ Երևանն այն վայրն է, որտեղ բնակիչներն ամենալավ պայմաններում են ապրում, իսկ հասարակական տրամադրությունները պարզելու և իրական պատկերացում կազմելու համար պետք է մարզեր այցելել: Ամենայն հավանականությամբ, եթե մարզերում որոշակի տրամադրություններ գեներացվեն, ապա մեծ է հավանականությունը, որ իշխանափոխությունը իր տրամաբանական շարունակությունը կունենա և քաղաքական ճգնաժամը որոշ առումով կհաղթահարվի»,- ասաց Վ. Հակոբյանը: