Սպառողական շուկայի ամենաբարձր գնաճը՝ վերջին տարիներին. ի՞նչ սպասել առաջիկայում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում սպառողական շուկայում 2021 թ.-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրված գնաճը կազմել է 4,5 %: Ինչպես տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի՝ երեկ հրապարակած տվյալներից, միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6,4 տոկոս: Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 10,8 տոկոսով: Բանջարեղենի ապրանքախմբում 2021 թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9,9, իսկ մրգերի դեպքում՝ 12 տոկոս գնաճ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում նշված ժամանակահատվածի գնաճը 8,4 % է:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021 թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7,7 %, իսկ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում՝ 40,7 % գնաճ: Ձվի գինը նախորդ հունվարի համեմատ այս տարի բարձրացել է 26,4 %-ով: Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների շուկային, ապա այստեղ տարեկան գնաճը 5,5 % է: «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է գնաճի ցուցանիշին, պատճառներին ու հետագա միտումներին: «4,5 տոկոսը գերազանցող գնաճ տարեկան կտրվածքով ունեցել ենք 2013 թվականին: 2015 թ.-ին էլ ունեինք 3,7 տոկոս գնաճ: Այդ ժամանակ դրամը դոլարի նկատմամբ նվազել էր մոտ 20 տոկոսով: Իրականում արձանագրված գնաճը հարաբերական իմաստով բավականին մեծ թիվ է:

Չի բացառվում, որ աճի միտում էլի կունենանք, որովհետև չենք կարող համոզված լինել, որ այս գնաճն իրեն ամբողջությամբ սպառել է և չի շարունակվելու»,-ասաց փորձագետը: Արձանագրված գնաճի առաջին պատճառը, ըստ Հ. Միքայելյանի, դրամի փոխարժեքի նվազումն է դոլարի նկատմամբ. «Բայց հավելեմ նաև այն, որ նույն 2015 թ.-ին, երբ դրամը դոլարի նկատմամբ նվազել էր մոտ 20 տոկոսով, գնաճն ընդամենը 4 տոկոս է կազմել, իսկ այս պարագայում դրամը դոլարի նկատմամբ մոտ 7-8 տոկոսով է նվազել, ու գնաճն արդեն 4,5 տոկոս է: Այսինքն, գների ճկունությունը շատ ավելի ցածր է: Դրամի արժեզրկումից բացի, գնաճի պատճառ է նաև անկանխատեսելի քաղաքականությունը: Եվ խոսքը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մասին է: Երրորդ պատճառն անկում ապրող տնտեսությունն է և այն, որ շրջանառությունն է նվազում: Շրջանառության աճի միջոցով գները նվազեցնելու հնարավորությունները դադարում են գործել, ու տնտեսվարողները սկսում են նորից բարձրացնել գները»:

Անդրադառնալով գնաճը մեղմելու հնարավորություններին և այդ համատեքստում դիտարկելով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշումը՝ Հ. Միքայել յանը նշեց. «Ընդհանուր առմամբ, գնաճը նվազեցնելու համար վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելն իմաստ ունի, երբ տնտեսությունն աճում է, բայց մենք նման բան չունենք: Եվ այս առումով տվյալ գործիքը իմաստ չունի կիրառել: Այս պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է սահմանափակել տնտեսական ակտիվությունը. այո, այն կարող է նվազեցնել գնաճը, բայց ավելի շատ կվնասի տնտեսական աճին: Բայց այստեղ, կարելի է ասել, ինստիտուցիոնալ շարունակականություն կա. վերջին, երևի թե, 10 տարվա կտրվածքով իշխանությունը միշտ կայունությունն է ընտրել, երբ զարգացումն ընտրելու հնարավորություն կար: Տնտեսական աճի ու գների կայունության երկընտրանքի մեջ միշտ ընտրվել է սոցիալական ու գների կայունությունը»:

Փորձագետի խոսքով, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան առաջիկա ամիսները: «Այսինքն, կարևոր է, թե փետրվարի, նաև մարտի ցուցանիշներն ինչպիսին են լինելու: Եվ այս առումով որոշակի հարցեր կան: Նախ՝ Հայաստանում գների միտումը սեզոնային բնույթ ունի: Ամռանը գները նվազում են, որովհետև կա բերք, կան նաև այլ գործոններ: Բայց առաջին հարցն այն է, թե գյուղատնտեսության մեջ ի՞նչ վիճակ է լինելու: Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ մեր գյուղատնտեսությունը զգալիորեն բալանսավորվել է հենց Արցախի միջոցով: Հետագա ամիսներից պարզ կլինի, թե ինչ վիճակ է լինելու. 4,5 տոկոսը դեռ վտանգավոր ցուցանիշ չէ, չնայած շատ ավելի բարձր է, քան վերջին տարիներին գնաճի գրանցված ցուցանիշները»,-հավելեց փորձագետը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ում ոստիկանները փնտրում են հայ երիտասարդի սպանության գործով հետախուզվող ադրբեջանցիներին Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդ է բերման ենթարկվել. Ռիա Նովոստի Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում Դոլարն ու եվրոն էժանացել են Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ «Ասում էի՝ պապ մի գնա բանակ, ո՞նց առանց քեզ ապրենք, ասում էր՝ չեմ գնա, խաբեց, գնաց». Վահան Տոնոյանը Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռները (տեսանյութ) Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին. Տեսանյութ Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական մասում Ադրբեջանը գերիների դիմաց նոր ճանապարհ է ուզում. Մանրամասներ «Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան Եթե մեր քայլերը չվերաիմաստավորենք, ապա կկորցնենք պետությունն ու պետականությունը. Սուրեն Պետրոսյան Արցախում քրեական գործ է հարուցվել
website by Sargssyan