Հարցումներով փորձել ենք ներկայացնել այս պահին առկա օբյեկտիվ պատկերը. Արամ Նավասարդյան

«Գելափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած սոցիոլոգիական հերթական ուսումնասիրությունները Հայաստանում տեղի ունեցող ընթացիք քաղաքական գործընթացների և արտահերթ ընտրությունների հասարակական պահանջին է վերաբերում:
Հարցումների համաձայն ներկա պահին ակտիվ քաղաքական գործիչների մասին հասարակության կարծիքը, ըստ 5 բալանոց սանդղակի կազմել է հետևյալ պատկերը՝
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8 բալ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2,3 բալ, ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը՝ 1,7 բալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը՝ 2 բալ, ՀՀ երրորդ նախագահ Ս.Սարգսյանը՝ 1,7 բալ, ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանը՝ 2,2 բալ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Է.Մարուքյանը՝ 1,8 բալ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ 1,5 բալ և «Հայաստանի փրկության» շարժման առաջնորդ Վ. Մանուկյանը 1,6 և ՀՅԴ առաջնորդ Ի. Սաղաթելյանը՝ 1,6 բալ:
Արցախյան պատերազմում պարտության մեղավոր համարում են նախկին իշխանություններին հացվածների՝ 32 %-ը, Նիկոլ Փաշինյանին և ներկա իշխանությանը՝ 28,8 %-ը, Թուրքիային և նրա աջակցությունն Ադրբեջանին՝ 14,4 %-ը, Հայաստանը: Հարցվածներից 10, 2 %-ի կարծիքով Արցախը չի պարտվել:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը միանշանակ անհրաժեշտ է կարծում հարցվածների 37,1 %-ը, ավելի շուտ անհրաժեշտ է նշել է 21,3 %-ը: 13,6 %-ի կարծիքով արտահերթի անցկացումն այնքան էլ անհրաժեշտ չէ, իսկ 19, 7%-ի կարծիքով նման անհրաժեշտություն չկա: Այսինքն՝ հարցվածների մոտ 58 %-ի կարծիքով արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա:
Ում կողմից պետք է դրանք կազմակերպվեն հարցին հարցվածների 41,2 %-ը նշել է Փաշինյանին, 28,2 %-ի կարծիքով պետք է առանց նրա կազմակերպել ընտրությունները և 7,9 %-ը նշել է, որ այն պետք է անցկացվեն ընդդիմության առաջարկած տարբերակով: Հարցվածների մոտ 14 %-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:
Ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցումն իրականացվել է Հայաստանի ողջ տարածքում, հասարական տարբեր շերտերի ներգրավմամբ:
«Իրադարձությունները շատ արագ են փոխվում Հայաստանում և այդ պայմաններում 10 օր տևած հարցումների արդյուքները կարող են տարբեր լինել: Ուստի, մենք փորձել ենք շատ սեղմ ժամկետներում այն իրականացնել: Նույնիսկ այդ պայմաններում, մի քանի օրվա տարբերությամբ կարող են հասարակության տրամադրություները փոխվել: Այդ է պատճառը, որ մենք փորձել ենք հարցումն իրականացնել շատ սեղմ ժամկետներում: Հարցումներով փորձել ենք ներկայացնել այն օբյեկտիվ պատկերը, որը կա այս պահին, բայց այն կարեղ է փոխվել, կախված շատ ու շատ գործոններից»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Արմինե Գրիգորյան