Չեմ կարծում, որ կուսակցությունների առատությունն է ճգնաժամի պատճառը. Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը բազմիցս հայտարարել է արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին: Ըստ նրա, սակայն, էսկալացիան չի հանգեցնելու քաղաքական որոշման: Դիտարկելով փրկության շարժման շաբաթ օրը կայացած հանրահավաքի օրակարգը, քաղաքական գործչի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանը կրկին հնչեցրեց ապստամբության թեզը, բավականին անհաջող ձևակերպմամբ, որին իշխանությունից, կրկին՝ ոչ համարժեք, հակադարձեց Անդրանիկ Քոչարյանը:
«Արդյուքնում մենք ունենք քաղաքական կոնֆրոնտացիա, որտեղ ռացիոնալ քաղաքական հնարավոր լուծումները փոշիանում են: Իրականության մեջ, քաղաքական միակ ռացիոնալ լուծումը համապատասխան պայմանների ապահովման դեպքում արտահերթ ընտրությունների անցկացումն է, որովհետև մենք մի կողմից ունենք իշխանություն, որը չի կարողանում ձևակերպել և սպասարկել ռացիոնալ օրակարգ, մյուս կողմից ունենք հարթակային ընդդիմություն, որը պատրաստ չէ իր օրակարգը ռեալիզացնել լեգալ ճանապարհով: Այսինքն՝ նրանք շեշտը դնում են ինչ-որ ապստամբությունների, կրիտիկական զանգվածների վրա, որոնք ժամանակակից քաղաքականության մեջ հին գործիքներ են և ճգնաժամի հաղթահարման բանալի չեն»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ս. Սուրենյանցը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ այս շրջապտույտից ելքը գուցե այս պահին կարող է վիրտուալ հնչել, սակայն, ըստ Սուրենյանցի, այն սևի-սպիտակի հակադրությունից դուրս գործող քաղաքական ուժերի համախմբումն է կամ նրանց կողմից ընդհանուր օրակարգի ձևավորումը: «Այսինքն՝ պետք է առաջինը լուծել որակապես նոր ընդդիմության ձևավորման հարցը, որպեսզի այն հանդես չգա ռևանշիստական օրակարգով և կարողանա իշխանությանը պատրադրել արտահերթ ընտրության օրակարգ: Այլ ելք ես չեմ տեսնում, քանի որ մնացած ցանկացած ելքերի պարագայում, եթե հասարակությանը մասնակից չդառնա գործընթացներին, ամեն ինչ կարող է ֆորսմաժորային հանգուցալուծման տանել, ինչով կվտանգենք մեր պետությանը և պետական, քաղաքական համակարգերին»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Նոր կուսակցությունների ձևավորման մասին նա նշեց, որ այդ հարցում որևէ խնդիր չկա, քանի որ կարևորը, նոր ձևավորվող կուսակցությունների կողմից սեփական հստակ օրակարգ ձևավորելը, զարգացման սեփական տեսլականը պետք է լինեն, որից հետո տեսակետների համընկնման դեպքում հնարավոր կլինի ավելի մեծ օրակարգ կամ քաղաքական իրական այլընտրանք ձևավորել: «Այսինքն՝ այստեղ կուսակցությունների քանակը չէ կարևորը: Հակառակը, ինչքան շատ լինեն նախաձեռնությունները, այնքան հնարավոր կլինի քաղաքական մտքի գեներացիա ապահովել: Իսկ կուսակցությունները շարունակում են ծնվել, քանի որ հասարակության զգալի շերտը այսօրվա հարթակային ընդդիմության ու իշխանության մեջ չի տեսնում իր տրամադրությունների տրանսլյատորներին:
Այդ է պատճառը, որ այդ վակուումը, բնականաբար, պետք է լցվի նոր կուսակցություններով: Ժամանակի ընթացքում դրանցից որը կմնա և կդիմանա ժամանակի փորձությանը՝ քաղաքական մրցակցությունը ցույց կտա, բայց ես չեմ կարծքում, որ կուսակցությունների առատությունն է ճգնաժամի պատճառը: Դրա պատճառը քաղաքական մտքի, մտածողության բացակայությունն է, իռացիոնալ օրակարգերն են, որոնք թելադրվում են իշխանության և հարթակային ընդդիմության կողմից: Սա է խնդիրը»,- ասաց Ս.Սուրենյանցը:
Արմինե Գրիգորյան