«Իսկանդերի» 10 % էֆեկտիվության մասին տվյալը Նիկոլ Փաշինյանին կարող էր տալ միայն Ադրբեջանը․ Մովսես Հակոբյան
Քաղաքական«Իսկանդերի» էֆեկտիվության մասին Հայաստանի ղեկավարը կարող էր իմանալ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ հայտարարեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։
Անհնար է, որ հրթիռները չպայթեն․․․
«Այն, որ նա հայտարարում է «Իսկանդերի» 10 % էֆեկտիվության մասին, այդ տվյալն իրեն կարող էր տալ հակառակորդը՝ Ադրբեջանը, բացառվում է, որ ուրիշ որևէ մեկը կարողանա նրան այդ տվյալները տա, որովհետև «Իսկանդերը» կրակվել է հակառակորդի վրա, կրակել է այնպիսի հրթիռ, որն առաջացնում է հարյուրավոր պայթյուններ, ավելին ասեմ՝ կիրառման օրը եղել է ամպամած, և հեռվից հնարավոր չի եղել դիտարկել պայթյունների արդյունքները։ Այդ տվյալները երկրի ղեկավարին կարող է հայտնել միայն ու միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը, ընդորում՝ սակրավորների երկարատև աշխատանքներից հետո։ Միգուցե այսքան ուշ հայտարարությունը կապված է նրա հետ, որ ճշտգրտում էին, թե ինչքան է պայթել։
Բայց տեսականորեն այն հրթիռը, որը կիրառվել է, իսկ ես գիտեմ, թե ինչ հրթիռ է կիրառվել, բաղկացած է մի քանի հարյուր հրթիռներից, որը նշանակետին հասնելու ժամանակ արձակում է առանձին-առանձին խոցումներ։ Տեսականորեն հնարավոր է, բայց քանի որ «Իսկանդերը», և հրթիռն ունեն այն հնարավորությունը, որ մինչև կիրառելը կարող ես ստուգել՝ մարտունակ է, թե՝ ոչ միջի հրթիռները՝ մարտունակ են, թե՝ ոչ։ Անհնար է, որ հրթիռները չպայթեն։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է վարչապետը նման հայտարարություններ արել։ Իմ իմանալով երեք հրթիռ է կրակվել պատերազմի վերջին օրերին»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Մովսես Հակոբյանի խոսքով՝ հայ-ռուսական կողմերի միջև կա միջպետական պայմանգիր, որով ռուսական կողմը պարտավոր է ստուգել «Իսկանդերի» մարտունակությունը։
«Ես, լինելով ԳՇ-ի նախկին պետ, կարող եմ ասել, որ ռուս մասնագետները եկել, տեխնիկական ստուգում են իրականացրել և գնահատել են մարտունակությունը։ Մենք ունենք միջպետական պայմանագիր՝ եթե զենքը ցույց է տալիս անսարքություն, ապա դա պարտավոր են գալ և կարգի բերել։ Պայմանգիրը կա, դրա համար որևէ խնդիր չի առաջանում։ «Իմ քայլից» էլ մեկն ասում է՝ ի՞նչ կա, ավտոմատն էլ երբեմն կարող է չկրակել։ Այդ տգետին ուզում եմ ասել՝ ավտոմատը չի կրակում այն պարագայում, եթե չես մաքրում։ Մյուս բոլոր պարագաներում ավտոմատը կրակում է։ Եթե զենքը չես սպասարկում, կարող է և չկրակի»,- նշեց Մովսես Հակոբյանը։