Երևանը կողմնակի անձի դեր է ստանձնել՝ հույս ունենալով, որ ուրիշներն ամեն ինչ կանեն իր փոխարեն․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
free-news.su-ն ««Կառավարվող քաոսի» ռազմավարությունը, կամ անօրինականություն Սյունիքում» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, մայիսի 27-ին Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խումբը փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը Քելբաջարի շրջանի Յուխարի Այրիմ բնակավայրի ուղղությամբ. «օպերատիվ միջոցառումների արդյունքում շրջապատվել, վնասազերծվել և գերի է ընկել հակառակորդի 6 զինծառայող»: Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորները ականապատել են սահմանագիծը՝ նախազգուշական նշաններ տեղադրելով՝ առանց դիվերսիոն նպատակների։ Ընդհանրապես, այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, հնարավոր չէ այլ կերպ անվանել, քան անօրինականություն: Նախ՝ ադրբեջանցիները խորանում են Հայաստանի տարածք, ապա Ռուսաստանի ճնշման տակ նահանջում են, բայց ոչ ամբողջությամբ:
Հետո սկսվում են անվերջ բանակցություններ, որոնք Բաքուն բացահայտ անտեսում է, և արդյունքում դրանք ոչ մի բանի չեն բերում: Այս ամենը, կարծես, ինչ-որ մեկի խաղացած ներկայացումն է: Ադրբեջանի դերը հասկանալի է, ցանկացած սադրանք (անկախ արդյունքից) նրանց ձեռնտու է, քանի որ դա վարկաբեկում է Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաև բարձրացնում է Ալիևի վարկանիշը: Հասկանալի է նաեւ Մոսկվայի դերը՝ մի կողմից կանխել արյունահեղությունը, մյուս կողմից՝ պաշտպանել դաշնակցի շահերը: Սյունիքի դեպքում դժվարությունը դա միաժամանակ անելն է: Իր հերթին, Երևանը կողմնակի անձի դեր է ստանձնել՝ հույս ունենալով, որ ուրիշներն ամեն ինչ կանեն իր փոխարեն: Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի գործողությունները նպատակ ունեն խորտակել Ռուսաստանի հեղինակությունը: Ակնհայտ է, որ այս խաղով հետաքրքրված են աշխարհաքաղաքական այլ խոշոր խաղացողներ: Ներկայումս Հայաստանում հակառուսական տրամադրությունները թեժանում են որոշակի տեխնոլոգիաների միջոցով:
Բոլոր սլաքները ուղղվում են դեպի Ռուսաստան, քանի որ այն միաժամանակ գտնվում է դաշնակցի և խաղաղարարի կարգավիճակում, և որոշ իրավիճակներում դրանք միմյանց բացառող երկու կարգավիճակներ են: Վերլուծաբանների կարծիքով, սլաքների այս անընդհատ ուղղումը «ձեռնտու» է նրանց, ովքեր Հայաստանը բեմ են դարձրել և թույլ են տվել, որ դա տեղի ունենա: Այս ամենը նման է, այսպես կոչված, «վերահսկվող քաոսի» ռազմավարությանը, որի տեխնոլոգիան Արևմուտքը օգտագործել է «Արաբական գարնան» և Արևելքում այլ կեղծ հեղափոխությունների ժամանակ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում