Սենետ՝ հազարամյակների պատմություն ունեցող «աստվածների խաղ». «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Բոլոր ժամանակներում էլ շատերը նախընտրում են իրենց ազատ ժամանակը անցկացնել սեղանի խաղեր խաղալով: Խաղը սիրելի ժամանց է ոչ միայն երեխաների, այլև բոլոր տարիքի մարդկանց համար: Մեր ժամանակներում կան շատ այնպիսի անսովոր խաղեր, որոնք կարողացել են մեզ հասնել՝ կտրելով հազարամյակներ: Նման հնագույն խաղերից մեկն էլ Սենետն է: Ենթադրվում է, որ Սենետ սեղանի խաղը կարող է հայտնված լինել մ.թ.ա. մոտ 3500-ականներին Հին Եգիպտոսի տարածքում: Այդ հին խաղի առաջին խաղատախտակները հայտնաբերվել են 20-րդ դարի սկզբին: Հին եգիպտական բարձրաստիճան պաշտոնյա Խեսիրի դամբարանում է հայտնաբերվել այդ խաղի հնագույն լիարժեք հավաքածուն: Իսկ ամենալավ պահպանված հավաքածուն հայտնաբերվել է Թութանհամոնի դամբարանի պեղումների ժամանակ: Դա եղել է գլխավոր մուտքի ոսկեզօծ պատվանդանի վրա դրված արկղ:
Պարզվել է, որ տուփը իրենից ներկայացնում է քառակուսիների բաժանված խաղատախտակ, իսկ տուփի ներսում դրված են եղել զառեր և ֆիգուրներ, որոնք շատ նման են եղել շախմատային ֆիգուրներին: Եվ իրոք, Սենետը երկար ժամանակ շփոթել են շախմատի կամ շաշկու հետ: Բայց հետո պարզվել է, որ այդ խաղի իմաստը բոլորովին այլ է: Հին եգիպտական հիերոգլիֆների վերծանման շնորհիվ պարզ է դարձել, որ «սենետ» անվանումը թարգմանության մեջ նշանակում է «անցում»: Իրոք, խաղն ավելի շատ նման է ուղի անցնելուն և փորձություններ հաղթահարելուն, որոնք հանդիպում են ճանապարհին: Մասնակիցները զառեր են նետել, ապա իրենց ֆիգուրները տեղափոխել, այսպես ասած, ճանապարհով: Ֆիգուրները սովորաբար կոճակների, պտուտակների կամ կծիկների տեսքով են եղել:
Սենետը եղել է եգիպտացիների հիմնական զվարճանքներից մեկը: Այդ խաղը շատ բարձր է գնահատվել, այդ իսկ պատճառով խաղի հավաքածուներն են դրվել հարգված մարդկանց գերեզմաններում: Խաղն այնքան կարևոր է եղել Եգիպտոսի համար, որ այն հիշատակվում է անգամ «Մահացածների գրքի» 17-րդ գլխում և մահվանն ու վերամարմնավորմանը նվիրված հին մագաղաթներում՝ որպես հոգու երկար ճանապարհ դեպի աստվածային լույս: Հին եգիպտացիների հավատալիքների համաձայն, մահվանից հետո մարդու հոգին այնքան է թափառում մահացածների թագավորությունում, քանի դեռ երկրի վրա կատարված նրա բոլոր գործերը չեն գնահատվել և կշռադատվել: Եթե հանգուցյալն արդար կյանք է վարել, ապա նա մնում էր արևի աստծո՝ Ռայի խնամակալության ներքո և դառնում անմահ: Այսպիսով, կարելի է ասել, որ Սենետը աստվածների խաղ է:
Որպես պաշտամունքային խաղ՝ Սենետը տարածված է եղել Եգիպտոսում գրեթե երեք հազար տարի՝ սկսած մ.թ.ա. 2600 թվականից մինչև հռոմեական ժամանակաշրջանը (350 թվական) և հին քաղաքակրթության փլուզումը: Դրանից հետո Սենետը մոռացվել է գրեթե 2000 տարի, ապա կրկին բացահայտել իրեն և դարձել աշխարհի ամենահին ու խորհրդավոր սեղանի խաղերից մեկը, որը սկսել է նոր տարածում ստանալ: Ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում Սենետը տեղափոխվել է սմարթֆոններ և համակարգիչներ: Այժմ յուրաքանչյուր ոք կարող է խաղալ այս հին եգիպտական խաղը: Բայց, իհարկե, խաղի էլեկտրոնային տարբերակը չի կարող փոխարինել իր փայտե նմանակին: Մարդիկ, ովքեր ապրել են մեզանից շատ առաջ, գիտեին այս խաղի արժեքը և նվիրված էին դրան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում