ԳԹԿ-ն նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ
ОбществоԳնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ: Պաշարների աշխատանքների ստեղծման նպատակով հայտարարվել է մրցույթ: Այս մասին տեղեկանում ենք ԳԹԿ պաշտոնական կայքից:
ԳԹԿ-ի կայքում մասնավորապես նշված է՝ նոր առաջադրանքների ստեղծումը թելադրված է պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի կառուցվածքային, ինչպես նաև առաջադրանքների ներկառուցվածքային և բովանդակային նախատեսվող փոփոխություններով: Այն նպատակ ունի թեստերը նոր պահանջներին և նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու և դրանց լեզվական նյութը թարմացնելու։
Պաշարների ստեղծման նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.
➢ ստեղծել առաջադրանքներ մշակող մասնագիտական խումբ,
➢ կազմել նոր պահանջներին համապատասխանող առաջադրանքներ,
➢ ձևավորել և հրատարակել նոր առաջադրանքներից բաղկացած ժողովածուներ՝ որպես ուսումնաօժանդակ նյութ՝ պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար:
Վերը նշված աշխատանքներն իրականացնելու համար ԳԹԿ-ն հայտարարում է առաջադրանքներ գրող մասնագիտական խմբի մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել գիտակրթական հիմնարկների հայոց լեզվի մասնագետներ, մասնավորապես՝ բուհերի հայոց լեզվի դասախոսներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ:
Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացնում խմբի ղեկավարը:
Խմբի ղեկավարը՝
➢ գրում է դիմում՝ ներկայացված նմուշին համապատասխան,
➢ դիմումին կցում է խմբի անդամների (քանակը՝ 4-6) ցուցակը,
➢ լրացնում է իր և խմբի անդամների համապատասխան տվյալները,
➢ ներկայացնում է թեստի 5 նմուշ՝ բաղկացած հայոց լեզվի հետևյալ բովանդակային բաժիններն ընդգրկող 70-ական առաջադրանքներից՝ հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, ոճագիտություն, կապակցված խոսք, ընդհանուր գիտելիքներ հայոց լեզվից (ԳԹԿ-ն պարտավորվում է որևէ կերպ չօգտագործել չհաղթած խմբի կազմած առաջադրանքներից):
Հայտ ներկայացնելու համար պարտադիր պայմաններն են համապատասխան բարձրագույն կրթությունը և նվազագույնը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը:
Նախապատվությունը տրվելու է մասնակիցների՝ գիտամանկավարժական կոչումներ և թեստային առաջադրանքներ կազմելու փորձ ունենալուն:
ԳԹԿ-ն հայտնում է, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 25-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2021թ. օգոստոսի 31-ը: Հաղթող է ճանաչվելու մեկ խումբ:
Հաղթող խմբի ղեկավարի և անդամների հետ կնքվում են պայմանագրեր՝ աշխատանքի ծավալի, պայմանների և համապատասխան վճարման վերաբերյալ:
Հաղթող խումբը աշխատանքներն սկսելու պահից կարող է հայտարարություն տալ խմբում չընդգրկված մասնագետներից լրացուցիչ առաջադրանքներ ընդունելու վերաբերյալ:
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված տվյալները և ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hayotslezu@atc.am: