Կեսարյան հատում. հին հունական առասպելաբանությունից մինչև Ուգանդա. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Կեսարյան հատումը (լատիներեն caesarea - կայսերական, sectio - հատում) գինեկոլոգիական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա կատարված արհեստական կտրվածքի միջով։ Ըստ հունական առասպելաբանության, Ապոլլոնը այդ կերպ է Ակսլեպիային հանել նրա մահացած մոր որովայնից, նույն կերպ է ծնվել նաև Դիոնիսոսը: Եգիպտական, հնդկական, չինական, հունական և հռոմեական հին պետությունների մասին պատմական տեղեկություններում կան բազմաթիվ տվյալներ կեսարյան հատումների մասին:
Կեսարյան հատումը ամենահին վիրահատություններից մեկն է եղել: Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի վերջերում Հին Հռոմում օրենք է ընդունվել, ըստ որի, մահացած հղի կնոջը կարելի է թաղել միայն որովայնի պատի կտրվածքով պտուղը դուրս բերելուց հետո: Դեռևս հին դարերից համարվում էր, որ Հուլիոս Կեսարը (մեր թվարկությունից առաջ 100-44 թվականներ) ծնվել է այդ կերպ՝ մոր՝ Ավրելիայի՝ ծննդաբերության ժամանակ մահանալուց հետո: Սակայն, իհարկե, այդպես չէ, քանի որ Ավրելիան երկար կյանք է ունեցել: Հավանաբար այս մոլորության պատճառն այն է, որ Կեսարն է Հռոմում գործող օրենքը տարածել այլ երկրներ, որտեղ ևս սկսել են մահացած հղիների մարմիններից վիրահատությամբ հանել պտուղը: Մինչև 17րդ դարը այդ միջամտությունը կոչվում էր Կեսարյան վիրահատություն:
Կեսարյան հատում տերմինը առաջին անգամ օգտագործել է Ժակ Գիլլմոնը 1598 թվականին հրատարակած գինեկոլոգիայի վերաբերյալ իր գրքում: Փաստագրված առաջին հաջողված կեսարյան հատումը կատարվել է 1500 թվականին Շվեյցարիայում: Խոզերի կաստրացիա կատարող Յակոբ Նուֆերն իր կնոջը կեսարյան հատում է կատարել: Բանն այն է, որ մի քանի օր, չնայած հղի կնոջ մոտ էր հավաքվել 13 մանկաբարձ, կինը չէր ծննդաբերում: Նրա հուսահատ ամուսինը դիմում է ավագանիներին՝ խնդրելով թույլատրել կեսարյան հատում կատարել, քանի որ, միևնույնն է, կինը մահանալու էր: Արդյունքում թույլտվությունից հետո Նուֆերի կատարած կեսարյան հատումը բարեհաջող է ստացվում:
Նորածինը հետագայում ունեցել է 77 տարվա կյանք, իսկ մայրը դրանից հետո ևս 5 երեխա է ծննդաբերել՝ անգամ մի դեպքում՝ երկվորյակ երեխաներ: 16-րդ դարում Ֆրանսիայի թագավորի բժիշկ Ամբրուազ Պարեն սկսում է կեսարյան հատումներ կատարել կենդանի կանանց, բայց արդյունքները միշտ մահացու են լինում, քանի որ այն ժամանակ արգանդը չէին կարում: Փրկում էին միայն պտուղը: Միայն 19-րդ դարում են սկսել կեսարյան հատման ժամանակ հեռացնել նաև արգանդը, որի արդյունքում մահացությունը արդեն սկսել է կազմել 20-25 %:
Մի քանի տարի անց սկսել են արգանդը ընդամենը կարել, որն էլ ավելի գոհացուցիչ արդյունքների է բերել: Անատոմիայի, անտիսեպտիկայի և ֆարմակալոգիայի հետագա զարգացումը բերել է նրան, որ ներկայումս կեսարյան հատումը դարձել է անհրաժեշտ և համարյա անվտանգ միջամտություն: 20-րդ դարի 40-50-ականներին աշխարհի բոլոր ծննդաբերությունների 4–5 %-ն իրականացվել է կեսարյան հատումով, ընդ որում՝ ԱՄՆում այն անգամ եղել է 10–12 %: Ներկայումս այդ ցուցանիշը տարեց տարի աճում է անգամ չզարգացած երկրներում: Կեսարյան հատման ամենահետաքրքիր նկարագրությունը պատկանում է Ֆելկինին, որը նա կատարել է Աֆրիկայի Ուգանդա տարածքում 1879 թվականին. «Բանանի տերևներից պատրաստված մահճակալին պառկած էր 20 տարեկան հղի կին՝ կիսով չափ ընկղմված բանանի գինու մեջ:
Նույն գինիով տեղի բուժակը լվաց ձեռքերը, մշակեց դանակը և մոտեցրեց կնոջ որովայնին: Կնոջ ճիչը համընկավ բուժակի վայրկենական կտրվածք անելու հետ: Արգանդի վրա լրացուցիչ կտրվածքից հետո բուժակը դուրս բերեց նորածնին, կապեց պորտը, հետո անցավ արգանդը հեռացնելու գործին: Կտրվածքի տեղը կարեցին թելով՝ դնելով վիրակապ: Կինը 11-րդ օրն արդեն քայլում էր»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում