Ուկրաինական հացահատիկով առաջին բեռնատար նավը ժամանել է Ստամբուլ
ՏնտեսությունՈւկրաինական հացահատիկով առաջին բեռնատար նավը ժամանել է Ստամբուլ, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Եգիպտացորենով բեռնված Razoni բեռնատար նավը, որը երեկ էր դուրս եկել Ուկրաինայի Օդեսայի նավահանգստից, հասել է Բոսֆորի սեւծովյան մուտքի մոտ եւ խարսխվել իրեն հատկացված վայրում»,- հայտնել են ռազմական գերատեսչությունում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ պարենով առաջին նավը՝ Սիերա Լեոնեի դրոշի տակ նավարկող Razoni բեռնատար նավը, երկուշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 9.20-ին լքել է Օդեսայի նավահանգիստը եւ պետք է Ստամբուլ ժամանի օգոստոսի 2-ին։
Ծովային միջանցքը, որով անցել է եգիպտացորենով բեռնված նավը, անցնում է Սեւ ծովի հյուսիս-արեւմտյան մասով։ Մարդասիրական օպերացիան պլանավորվել էր Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնի կազմում գտնվող ռուս սպաների ակտիվ մասնակցությամբ։