ՀԱՊԿ-ից դուրս գալը կլիներ եւս մեկ հիմարություն. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը: Մենք պետք է շատ սթափ գնահատենք՝ ի՞նչ գործոններ, կամ ո՞ր պետությունները կարող են ազդել Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա, եւ պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակներն այսօր Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են: ՀԱՊԿ-ն ընդհանրապես ազդելու հնարավորություն չունի: ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ՝ եւ միջպետական, եւ անհատական մակարդակի վրա, քան Հայաստանը եւ մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է ինչ-որ քայլ ձեռնարկել, ուղղակի աշխարհաքաղաքական անմեղսունակություն է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, Ռոբերտ Քոչարյանը երեք թիրախ է մատնանշում՝ հանրային կոնսոլիդացիա, մասնակի իշխանափոխություն եւ «անվտանգային ճարտարապետության վերագնահատում»:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը եւ անելու է, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, բայց դրանք լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր: Այսօր Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություններ նաեւ Ադրբեջանի հետ եւ մտածել, որ այս վիճակում Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ՝ ուղղակի անհեթեթություն է, չի լինելու նման բան: Եվ այդ տեսանկյունից բավականին լավ վիճակ է ստեղծվել Հայաստանում հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար: Այսօր հակառուսական տրամադրությունների պուլտը Ալիեւի ձեռքում է, երբ ուզի միացնի՝ եւ մեկ ալիք էլի է գնալու՝ մի քանի հենակետ, երկու տասնյակ զոհ: Սա, իհարկե, կապված է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հետ եւ այն հանգամանքի հետ, որ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան այսօր այդ ազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա չունեն: Էրդողանի վրա ընդհանրապես ոչ մեկն ազդեցություն չունի եւ պետք է ասել, որ ինքը «մաստեր կլաս» է տալիս ազգային շահերի պաշտպանության գործում:
Անտեսելով ամեն ինչ, բոլոր կարգի ճնշումները՝ անում է այն, ինչ ինքը համարում է ճիշտ Թուրքիայի ազգային շահերի համար: Հիմա մենք պետք է հասկանանք, ո՞րն է ամենից թույլ տեղը Հայաստանի: Կարծում եմ, Սյունիքն է, որը նաեւ այն տարածքն է, որի նկատմամբ ամենից մեծ ցանկություններ են արտահայտում Ադրբեջանն ու Թուրքիան եւ դա արվում է բացահայտ: Հիմա մեկ հարց՝ ո՞ր երկիրն է բացի Հայաստանից, ում համար Սյունիքը կարեւոր է. Իրանը:
Հիմա սա դժվա՞ր էր կռահել, որովհետեւ մենք ուզում ենք ունենալով պետություն, որը բացի հայտարարություններից, բացի հորդորներից կարող է գործնական քայլերի դիմել. զուտ շահերի ուսումնասիրմամբ միայն Իրանն է: Եվ այս երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չարվեց։ Առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում, որոշ պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ այս ընթացքում եւ դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետեւ Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով կարելի է կանգնեցնել»:
Ռոբերտ Քոչարյանը ընդգծեց. «Պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, պետք է համոզել Ռուսաստանին, միգուցե այդ հարաբերությունները կառուցել… խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլիներ եւս մեկ հիմարություն, ՀԱՊԿ-ի շրջանակներում կային պայմանագրեր, որոնք շատ կարեւոր են զենք-զինամթերք գնելու համար, ուղղակի համալրել նոր կոմպոնենտներով մեր անվտանգային համակարգը»: