Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույն նպատակն են հետապնդում. «Փաստ»
Քաղաքական
«Փաստ» օրաթերթը գրում է
topcor.ru-ն «Գնդապետ. Լեռնային Ղարաբաղի բնակիչներին սպասվում են զանգվածային էթնիկ զտումներ» վերնագրով հոդվածում գրում է, որ «Ռուսաստանի սպաներ» համառուսաստանյան կազմակերպության նախագահության անդամ, գնդապետ Լևոն Արզանովը կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում աշխարհը ականատես կլինի զանգվածային էթնիկ զտումների, որոնք Ադրբեջանը կիրականացնի Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերի նկատմամբ։ Մոսկվայում կայացած գագաթաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույն նպատակն են հետապնդում, ընդգծել է գնդապետը «Voenkor Kotenok Z» Տելեգրամ ալիքի մեկնաբանության մեջ։
«Մոսկվայի գագաթաժողովը ցույց տվեց, որ և՛ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը շարժվում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու՝ նույն ուղղությամբ։ Իմ անձնական կարծիքով, Նիկոլ Փաշինյանն իր տրամաբանական ավարտին կհասցնի Արցախի հանձնումն Ադրբեջանին։ Արևմտյան կուրատորների կողմից մանրամասն մշակված պլանն ամբողջությամբ կիրականացվի»,- կարծիք է հայտնել Արզանովը։ Նա մանրամասնել է, որ առաջին փուլը կներառի «Ղարաբաղի իրավական ճանաչումը Ադրբեջանի կազմում»։ Երբ փաստաթուղթն օրինական ուժի մեջ մտնի, և՛ Երևանը, և՛ Բաքուն կհայտարարեն, որ «խաղաղության և համաձայնության դարաշրջան է սկսվել», և Ռուսաստանից խաղաղապահներ տարածաշրջանում այլևս պետք չեն, նշել է գնդապետը։
Նրա կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «լապշա կկախի հայերի և ամբողջ աշխարհի ականջներից, որ բոլոր ղարաբաղահայերը ադրբեջանական Ղարաբաղում կապրեն ինչպես դրախտում»։ Հասկանալու համար, թե որքանով է դա ճիշտ, Արզանովն առաջարկում է նայել, թե որքան «երջանիկ են ապրում» Հադրութի և Շուշիի հայերը ադրբեջանական Ղարաբաղում։ «2020 թվականի վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օկուպացված բոլոր տարածքներում ամբողջ հայ բնակչությունը տեղահանվել կամ ոչնչացվել է»,ընդգծել է նա։ Գնդապետը կարծում է, որ տարածաշրջանից խաղաղապահների դուրսբերումը «կուղեկցվի Արցախից հայերի զանգվածային արտահոսքով»։ Եվ դա կլինի երկրորդ փուլը։
Նրանք, ովքեր կմնան Ղարաբաղում, կբաժանվեն երկու ճամբարի՝ «ոմանք կսպասեն ողորմության նոր տերերից և միջազգային հանրությունից», բայց շուտով նրանք ևս ստիպված կլինեն փախստական դառնալ, իսկ փոքրամասնությունը կդիմի պարտիզանական պատերազմի, բայց դա կարճ կտևի: «Այս ճիզվիտական ողբերգության» եզրափակիչ ակտն, ըստ Արզանովի, կլինի հերթական գունավոր հեղափոխությունը։ Արդյունքում Փաշինյանը կա՛մ «ոտնակոխ կարվի ամբոխի կողմից», կա՛մ էլ հովանավորները նրան «օվկիանոսից այն կողմ կտանեն»։ Դրանից հետո նոր իշխանությունները կհայտարարեն դեպի Արևմուտք իրենց ուղղվածության մասին, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, որին կհաջորդի ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանի դուրսբերումը Գյումրիից, և նման կերպ կկործանվի Անդրկովկասում Ռուսաստանի վերջին հենակետը, եզրափակել է գնդապետը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում