Երևանի ավագանու ընտրություններում Արցախի օրակարգը չի կարող բացակայել
Վերլուծական
Երևանի ավագանու ընտրություններում Արցախի օրակարգը չի կարող բացակայել: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող» նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կարծիքով, շատ կարևոր է, որ Արցախում դա տեսնեն ու զգան: «Կարևոր է, որ այս ընտրություններում հաղթեն այն ուժերը, որոնց համար թանկ է ոչ միայն Երևանը, ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը: Կարևոր է, որ Հայաստանից, Երևանից ուժ ու վստահություն տաք Արցախին, թևութիկունք լինեք արցախահայությանը, ոչ թե կոտրեք նրանց պայքարելու ոգին»,- նշում է նախկին պետնախարարը, փաստում, թե պետք է հրաժարվել անթույլատրելի ու կործանարար պարտվողականությունից: Վարդանյանն արձանագրում է, որ պետք է գան նոր ուժեր, ովքեր հավատում են, որ կարող են կանգնել Արցախի կողքին ու ամեն գնով պահել Արցախը: «Հայաստանն ու Արցախը մեկն առանց մյուսի չեն կարող լինել: Այդ կապը մեզ համար շատ հստակ է, և դա իմ ու իմ համախոհների անխախտ դիրքորոշումն է: Մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից, իրավունք չունենք մտածելու, որ ինչ-որ «խաղաղության պայմանագրի» շնորհիվ Հայաստանը կփրկվի, իսկ թե Արցախի հետ ինչ կլինի՝ հետո կորոշենք»,- ասել է նա, հավելել, թե երբ ինքն ու իր գործընկերները հարյուրավոր ծրագրեր էին իրականացնում Հայաստանում ու Արցախում, համոզված էին, որ աշխատում են մեր ընդհանուր ու միասնական հայրենիքի զարգացման համար: Հիմա ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև համոզմունքս ավելի է ամրապնդվել: Այս դիրքորոշումից ելնելով էլ Ռուբեն Վարդանյանը Երևանի ընտրություններում աջակցում է «Ապրելու երկիր» կուսակցությանն ու նրա ղեկավար Մանե Թանդիլյանին, վստահ է, որ նրանք նույնպես Արցախը կարմիր գիծ են համարում:
Գրետա Ժամկոչյան