Հոգևորականներից՝ մինչև բանվորական արտահագուստի և ոստիկանության համազգեստի տարր. «Փաստ»
Lifestyle![Հոգևորականներից՝ մինչև բանվորական արտահագուստի և ոստիկանության համազգեստի տարր. «Փաստ»](/timthumb.php?src=disc/23-09-23/f7cfbc7e52f4af08da9c10358690d500.jpg&w=780)
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքաղաքական իրադարձությունների կիզակետում շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այդ թվում՝ այս օրերին, առաջին պլանում են, այսպես կոչված, «կարմիր բերետավորները», որոնք հաճախ աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ: Իսկ ի՞նչ է ընդհանրապես իրենից ներկայացնում բերետը: Բերետը կլոր, անեզր գլխարկ է: Շատերը Ֆրանսիան են համարում բերետի ծննդավայրը, սակայն այդ վարկածը լիովին ճիշտ չէ։ Վարկածներից մեկի համաձայն, բերետի նախատիպը հորինել են կելտերը և օգտագործել որպես ազգային տարազի մաս։ Կելտական ժողովուրդները գրավել են ոչ միայն ժամանակակից Ֆրանսիայի տարածքը, այլ նաև Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը։ Մեկ այլ վարկածի համաձայն, բերետի մասին իմացել են դեռևս Հին Հունաստանում, որտեղից էլ այն փոխառվել է հռոմեական արիստոկրատիայի կողմից և ստացել իր լատիներեն անունը՝ beretino:
Միջնադարյան Եվրոպայում բերետներ հիմնականում կրում էին հոգևորականները։ Հենց նրանցից են այդ գլխարկները մտել արիստոկրատների ու ազնվականների զգեստապահարան։ Ի տարբերություն ժամանակակից մոդելների, հին բերետները ունեցել են քառանկյուն տեսք։ Դա հաստատվում է հայտնի նկարիչների պատմական նկարներով և փորագրություններով, որտեղ թագավորական և տիտղոսավոր անձինք պատկերված են տարբեր գույների և ոճերի բերետներով։ Հետագայում այդ քառանկյուն բերետները դարձել են զինվորական համազգեստի մաս, իսկ հետո լայն տարածում գտել հասարակության այլ շերտերում։ 15-17-րդ դարերում բերետների շատ մոդելներ Եվրոպայում նորաձևության գագաթնակետին էին: Արիստոկրատների և հարուստ մարդկանց շրջանում ընդունված էր բերետ կարել թանկարժեք գործվածքներից և դրանք զարդարել թանկարժեք քարերով, արժեքավոր փետուրներով և բարդ ասեղնագործությամբ:
Բերետը շրջանագծի իր ավանդական ձևն ստացել է միայն 16-րդ դարում։ Այդ նոր մոդելը հորինել են իսպանացիները։ Այնուհետև 17-րդ դարում կլոր բերետն ընդունվել է Իտալիայի արվեստի ներկայացուցիչների կողմից: Հետագայում հարուստ ֆլորենցիացիները սկսել են օգտագործել այն՝ որպես անձնական ծառաների՝ պաժերի համազգեստի տարր, և բերետը սկսել է կորցնել իր ժողովրդականությունը: Այդ դարի վերջին այն օգտագործվում էր միայն որպես գլխազարդ շոտլանդական բանակի զինվորների և Պապի անձնական պահակախմբի համար։ 20-րդ դարում բերետը սկսել է ակտիվորեն օգտագործվել որպես զինված ուժերի համազգեստի մաս: Առաջին անգամ կլոր բերետ օգտագործել է բրիտանական զրահատանկային զորքերի անձնակազմը։ Դա պայմանավորված էր նրանով, որ անհարմար էր տանկի մեջ կոշտ գլխարկով կամ սաղավարտով նստել։
1940 թվականին սև բերետը դարձել է եվրոպական դաշինքի զրահապատ ստորաբաժանումների խորհրդանիշը։ Եվրոպայից այն տարածվել է Ամերիկա։ Քաղաքացիական բնակչության շրջանում բերետի նորաձևությունը վերսկսվել է միայն 1960-ական թվականներին։ Այն դարձել է սեռական հեղափոխության խորհրդանիշ՝ մինի կիսաշրջազգեստի հետ մեկտեղ։ Որպես գլխարկ այն ընտրել են բոմոնդի և ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները։ Խորհրդային Միությունում բերետը օգտագործվում էր ավելի գործնական նպատակներով՝ որպես բանվորական արտահագուստի տարր արդյունաբերական ձեռնարկություններում և հոսքագծերում: Բերետը կապված է շատ հայտնի մարդկանց հետ։
Դրա երկրպագուներն էին Հարմենս Ռեմբրանդը և Օգյուստ Ռոդենը, Էռնեստո Չե Գևարան և Բոբ Մարլին։ Ժամանակակից հոլիվուդյան աստղերն ու համաշխարհային պոդիումներն օգտագործում են դրանք իրենց կերպարներում։ Հաճախ կարելի է տեսնել, որ Անգլիայի թագավորական ընտանիքի անդամները դրանք կրում են հանրության առաջ: Բերետները ժամանակ առ ժամանակ դառնում են հայտնի դիզայներների հավաքածուների հիմքը։ Մինչ օրս այն մնում է աքսեսուար մոլի նորաձևության համար՝ միաժամանակ լինելով աշխարհի շատ երկրների զինված ուժերի կամ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների համազգեստի մաս: Չնայած ամեն ինչին, բերետները մշտապես արդիական են դառնում իրենց ժամանակի համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում