Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ձկնաբուծության ոլորտը վերջին շրջանում հայտնվել է այնպիսի բազմաշերտ ճգնաժամի առջև, որն արդեն միայն առանձին տնտեսավարողների կամ մեկ ճյուղի խնդիր չէ։ Այն վերածվել է տնտեսական, սոցիալական, արտաքին առևտրային, պարենային անվտանգության և պետական քաղաքականության արդյունավետության հարցի։ Եթե դեռևս մի քանի տարի առաջ ոլորտը համարվում էր Հայաստանի գյուղատնտեսության ամենահաջողված և ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը, ապա այսօր նույն ոլորտը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջև։

Շուրջ 15 հազար տոննա չիրացված թարմ ձկան կուտակումը տնտեսություններում պարզապես վիճակագրական ցուցանիշ չէ։ Այն խորհրդանշում է ամբողջ արտադրական շղթայի խաթարումը, շրջանառու միջոցների սառեցումը, արտադրողների ֆինանսական կայունության վտանգումը և հազարավոր մարդկանց եկամտի աղբյուրների նկատմամբ աճող անորոշությունը։

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի կողմից հայկական ձկնամթերքի ներմուծման սահմանափակումներն են, որոնց հետևանքով հայկական արտահանողները շուրջ երկու ամիս փաստացի զրկվել են իրենց հիմնական շուկայից։ Հայաստանի ձկնաբուծության ոլորտի առանձնահատկությունն այն է, որ այն երկար տարիներ կառուցվել է արտահանման տրամաբանության վրա։ Ներքին շուկան սահմանափակ ծավալներ ունի և չի կարող սպառել այն արտադրանքը, որն արտադրում են հայկական տնտեսությունները։ Հետևաբար, արտադրության մեծ մասը մշտապես նախատեսված է եղել արտահանման համար, իսկ այդ արտահանման գերակշիռ մասը տարիներ շարունակ ուղղվել է դեպի ռուսական շուկա։ Այդ պատճառով, երբ այդ շուկան նույնիսկ ժամանակավորապես փակվում է, արտադրության ամբողջ շղթան կանգնում է լուրջ ճնշման տակ։

Այս իրավիճակը հատկապես կարևոր է հասկանալ ոլորտի զարգացման պատմության համատեքստում։ Պատահական չէ, որ Հայաստանում ձկնաբուծության արագ զարգացումը սկսվեց հատկապես 2014 թվականից հետո, երբ աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով նորվեգական ձկնաբուծական ընկերությունների մուտքը ռուսական շուկա սահմանափակվեց։ Այդ ժամանակ Ռուսաստանի շուկայում առաջացավ առաջարկի զգալի պակաս, և հայկական արտադրողները կարողացան զբաղեցնել ազատված հատվածի մի մասը։ Բարձր պահանջարկը խթանեց ներդրումները, ընդլայնվեցին տնտեսությունները, ավելացան արտադրական հզորությունները, ստեղծվեցին նոր աշխատատեղեր, ձևավորվեցին արտահանման նոր ենթակառուցվածքներ։ Սակայն այդ աճի հիմքում աստիճանաբար ձևավորվեց մեկ լուրջ համակարգային ռիսկ՝ չափազանց մեծ կախվածությունը մեկ շուկայից։

Տնտեսական գործունեության տեսանկյունից նման իրավիճակը միշտ վտանգավոր է։ Երբ որևէ արտադրական ոլորտի վաճառքի գերակշիռ մասը կենտրոնացած է մեկ երկրի կամ մեկ գնորդի վրա, ցանկացած քաղաքական, տնտեսական, տեխնիկական կամ վարչարարական սահմանափակում անմիջապես վերածվում է համակարգային ճգնաժամի։ Հայաստանը փաստացի հենց այդ իրավիճակում հայտնվեց։

Տարիներ շարունակ ռուսական շուկան ընկալվում էր որպես կայուն և կանխատեսելի ուղղություն, սակայն արտաքին շուկաների տրամաբանությունը միշտ էլ ենթադրում է, որ ցանկացած պահի կարող են փոխվել կանոնները, սահմանվել նոր պահանջներ կամ առաջանալ քաղաքական ու տնտեսական նոր իրողություններ։ Այդ պատճառով տնտեսության դիվերսիֆիկացիան միշտ էլ կենսական անհրաժեշտություն է։

Սակայն այստեղ կարևոր է նաև չընկնել մյուս ծայրահեղության մեջ և չստեղծել այնպիսի պատկեր, թե Ռուսաստանի շուկայի կորուստը հեշտությամբ կարելի է փոխարինել Եվրոպական միությամբ։ Վերջին ամիսներին հաճախ հնչում են հայտարարություններ, թե Եվրոպան կարող է դառնալ հայկական ձկնամթերքի նոր հիմնական շուկան։ Իրականում այդ գնահատականը չափազանց լավատեսական է, ընդ որում՝ բացարձակ չարդարացված, և ամբողջությամբ չի արտացոլում առկա մարտահրավերները։

Իհարկե, կարևոր քայլ էր, որ 2026 թվականի հուլիսին Հայաստանի կառավարությունը հաստատեց Եվրոպական միության TRACES համակարգում գրանցվելու և ձկնամթերքի արտահանման կարգը։ Սա նշանակում է, որ հայկական արտադրողները տեսականորեն ստանում են եվրոպական շուկա մուտք գործելու իրավական հնարավորություն։ Բացի այդ, կառավարությունը հայտարարեց նաև սառեցված և վերամշակված ձուկ Եվրոպա արտահանելու պաշտոնական թույլտվության մասին և սահմանեց արտահանվող յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 820 դրամ պետական աջակցություն։ Առաջին հայացքից սա կարող է թվալ լուրջ խթան, սակայն իրական տնտեսական պատկերը շատ ավելի բարդ է։ Նախ՝ եվրոպական շուկան աշխարհում սննդամթերքի ամենախիստ կարգավորվող շուկաներից մեկն է։ Այստեղ բավարար չէ պարզապես որակյալ ձուկ արտադրելը։ Անհրաժեշտ է ապահովել ամբողջ արտադրական շղթայի վերահսկելիությունը՝ սկսած ջրի որակից և կերի բաղադրությունից մինչև հակաբիոտիկների կիրառման ամբողջական վերահսկողությունը, կենդանիների առողջության մշտադիտարկումը, արտադրանքի թվային հետագծելիությունը, լաբորատոր մշտական ստուգումները, սանիտարական բարձր չափանիշների պահպանումը և բազմաթիվ այլ պահանջներ։ Այս ամենը պահանջում է ոչ միայն նոր սարքավորումներ, այլև կառավարման նոր մշակույթ, միջազգային ստանդարտների ներդրում և շարունակական վերահսկողություն։ Մյուս կողմից էլ՝ եթե նույնիսկ հայկական արտադրողները համապատասխանեն բոլոր պահանջներին, դա դեռ չի նշանակում, որ նրանք ավտոմատ կերպով կկարողանան վաճառել իրենց արտադրանքը Եվրոպայում։ Եվրոպական շուկան չափազանց մրցակցային է։ Ձկնարդյունաբերության ոլորտում արդեն երկար տարիներ ամուր դիրքեր ունեն այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան ու Հունաստանը։ Այդ երկրները գործում են անհամեմատ մեծ արտադրական ծավալներով, ունեն տարիների ընթացքում ձևավորված բրենդային ճանաչելիություն, զարգացած լոգիստիկ ցանցեր, լայնածավալ պահեստային համակարգեր և զգալիորեն ավելի ցածր ինքնարժեք՝ կերի, էներգետիկ և այլ տեխնոլոգիական ծախսերի ու մասշտաբի էֆեկտի շնորհիվ։

Հենց ինքնարժեքի հարցն էլ այսօր հայկական ձկնաբուծության ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Եվրոպայում ձկան կերը զգալիորեն ավելի էժան է, մինչդեռ Հայաստանում այն հիմնականում ներկրվում է, և դրա գինը զգալիորեն բարձր է։ Սա նշանակում է, որ նույնիսկ նույն որակի արտադրանքի դեպքում հայկական արտադրողը հաճախ արդեն մեկնարկային փուլում ունի ավելի բարձր արտադրական ծախս։ Եթե դրան ավելացնենք էներգիայի, ջրի, աշխատուժի, փոխադրման, սառեցման, պահեստավորման և այլ ծախսերը, ապա պարզ է դառնում, որ հայկական արտադրանքի մրցունակությունը լրջորեն սահմանափակվում է։

Լոգիստիկան ևս առանձին խնդիր է։ Ռուսաստանը Հայաստանի համար համեմատաբար մոտ շուկա էր, որտեղ հնարավոր էր արագ տեղափոխել թարմ արտադրանքը։ Եվրոպական ուղղությամբ իրավիճակն ամբողջովին այլ է։ Թարմ կամ սառեցված ձկան տեղափոխումը պահանջում է անխափան սառը շղթայի պահպանում, ավելի երկար ճանապարհ, ավելի մեծ ծախսեր և ավելի բարձր ռիսկեր։ Յուրաքանչյուր լրացուցիչ օր մեծացնում է ոչ միայն ծախսերը, այլև արտադրանքի որակի պահպանման բարդությունը։ Արդյունքում հայկական արտադրողը կրկին հայտնվում է մրցակցային անհավասար պայմաններում։

Այս համատեքստում ձկնաբույծների մտահոգությունները լիովին հիմնավորված են։ Նրանք նշում են, որ միայն արտահանման թույլտվությունը կամ հեռանկարային ծրագրերը չեն լուծում ներկայիս ճգնաժամը։ Այսօր նրանց անհրաժեշտ են հրատապ ֆինանսական միջոցներ՝ վարկային արձակուրդներ, կոմունալ վճարների աջակցություն, կերի սուբսիդավորում, շրջանառու միջոցների համալրում։ Հակառակ դեպքում բազմաթիվ տնտեսություններ պարզապես չեն դիմանա մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի նոր շուկաներում կայուն վաճառք իրականացնել։

Սակայն այստեղ առաջանում է ավելի խորքային տնտեսական հարց։ Ենթադրենք՝ պետությունը մեկ կամ նույնիսկ մի քանի տարի շարունակ աջակցեց ոլորտին, տրամադրեց սուբսիդիաներ, փոխհատուցեց արտահանման ծախսերը, և տնտեսվարողները կարողացան որոշակի քանակությամբ ձուկ արտահանել Եվրոպա։ Արդյո՞ք սա նշանակում է, որ խնդիրը լուծված է։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Եթե որևէ ոլորտի մրցունակությունը երկարաժամկետ հեռանկարում պահպանվում է միայն պետական մշտական ֆինանսական աջակցության շնորհիվ, ապա այդ մոդելը չի կարող համարվել կայուն։ Պետության բյուջեն սահմանափակ ռեսուրս ունի, իսկ տնտեսության առողջ զարգացման հիմքում պետք է լինի ինքնաբավ մրցունակությունը, ոչ թե մշտական սուբսիդավորումը։ Եթե յուրաքանչյուր արտահանվող կիլոգրամի վաճառքը պահանջում է պետական փոխհատուցում, ապա ժամանակի ընթացքում ոլորտը կարող է վերածվել բյուջեի համար մշտական բեռի։ Սա հատկապես վտանգավոր է այն պայմաններում, երբ նույն բյուջեն պետք է ֆինանսավորի նաև առողջապահությունը, կրթությունը, պաշտպանությունը, ենթակառուցվածքները և բազմաթիվ այլ առաջնահերթություններ։

Հետևաբար, անհրաժեշտ է տարբերակել հակաճգնաժամային և ռազմավարական քաղաքականությունը։ Հակաճգնաժամային աջակցությունը կարող է և պետք է կիրառվի արտակարգ իրավիճակներում՝ տնտեսվարողների սնանկացումը կանխելու համար։ Սակայն այն չի կարող փոխարինել երկարաժամկետ զարգացման ռազմավարությանը։ Այդ ռազմավարության առանցքում պետք է լինեն արտադրողականության բարձրացումը, ինքնարժեքի նվազեցումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը, կերի արտադրության տեղայնացումը, վերամշակող արդյունաբերության զարգացումը, սառը լոգիստիկայի արդիականացումը և արտահանման ուղղությունների բազմազանեցումը։

Միևնույն ժամանակ, պետք չէ անտեսել ամենակարևոր ուղղություններից մեկը՝ ռուսական շուկայի վերականգնումը։ Տնտեսական պրագմատիզմը հուշում է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ և հնարավորինս արագ վերականգնել արտահանման բնականոն ընթացքը, եթե սահմանափակումները պայմանավորված են տեխնիկական, սանիտարական կամ վարչարարական խնդիրներով և կարող են լուծվել փոխգործակցության միջոցով։ Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է հայկական ձկնամթերքի գլխավոր սպառողներից մեկը, և այդ շուկայի ամբողջական կորուստը կարճաժամկետ հեռանկարում գործնականում անհնար է փոխհատուցել այլ ուղղություններով:

Սակայն եթե նույնիսկ բանակցությունների արդյունքում ռուսական շուկան ամբողջությամբ վերաբացվի, Հայաստանը չպետք է վերադառնա նախկին մտածելակերպին։ Հենց ներկայիս ճգնաժամը պետք է դառնա կարևոր դաս, որ մեկ շուկայից կախվածությունը ռազմավարական սխալ է։ Անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել ռուսական արտահանումը, այլև միաժամանակ շարունակել ներդրումները արտադրանքի որակի բարձրացման, միջազգային հավաստագրերի ձեռքբերման, նոր շուկաների ուսումնասիրության և արտահանման աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։

Այդ գործընթացը պետք է իրականացվի աստիճանաբար՝ առանց այնպիսի սպասումների, թե Եվրոպան կամ որևէ այլ շուկա մեկ կամ երկու տարվա ընթացքում կկարողանա ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանին։ Ավելին՝ անհրաժեշտ է վերանայել նաև ամբողջ ոլորտի զարգացման մոդելը։ Հնարավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ թե միայն թարմ ձկան արտահանմանը, այլ նաև բարձր ավելացված արժեք ունեցող վերամշակված արտադրանքին՝ ապխտած, ֆիլեացված, փաթեթավորված կամ այլ ձևերով պատրաստված ձկնամթերքին։

Նման արտադրանքը հաճախ ունի ավելի երկար պահպանման ժամկետ, ավելի ճկուն լոգիստիկ հնարավորություններ և ավելի բարձր շահութաբերություն։ Սա կարող է նաև նպաստել, որ Հայաստանը միջազգային շուկայում ներկայանա ոչ միայն որպես հումք մատակարարող, այլ որպես մրցունակ վերամշակող երկիր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան