Փհենյանը հերքել է Օտտո Ուորմբիերի նկատմամբ կտտանքներ կիրառելու եւ դաժան վերաբերմունքի մասին լուրը
ՄիջազգայինՓհենյանը հերքում 22-ամյա ամերիկացու՝ Օտտո Ուորմբիերի նկատմամբ կտտանքներ կիրառելն ու դաժան վերաբերմունքը։ Վերջինը մահացել է ԱՄՆ վերադառնալուց մեկ շաբաթ անց։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Փհենյանի հավաստմամբ՝ ամերիկացու հետ վարվել են ներքին օրենսդրության եւ միջազգային չափանիշների համապատասխան։ Հոդվածում քննադատության է ենթարկվում Հարավային Կորեան , որը ամերիկացու մահից հետո պահանջել է անհապաղ ազատ արձակել ԿԺԴՀ-ում պահվող հարավկորեացիներին։ Քննադատության է ենթարկվել նաեւ Հարավային Կորեայի նախագահը, որը նշել է, թե Փհենյանն է պատասխանատվություն կրում ամերիկացու մահվան համար։
Հիշեցնենք, որ ամերիկացի Օտտո Ուորմբիերը մահացել է Հյուսիսային Կորեայից ԱՄՆ տեղափոխվելուց մեկ շաբաթ անց։
Անցած շաբաթ Օտտոն ազատ է արձակվել Հյուսիսային Կորեայից ու տեղափոխվել հայրենիք կոմայի վիճակում։ Փհենյանի վարկածով՝ Ուորմբիրը բոտուլիզմով է հիվանդացել բանտում, քնաբեր է ընդունել ու կոմայի մեջ ընկել։ Դա մոտ մեկ տարի առաջ է տեղի ունեցել։ Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման մասին, որին 15 տարվա ուղղիչ աշխատանքների էին դատապարտել։ ԿԺԴՀ-ի իշխանությունները նրան մեղադրել էին «հակապետական գործողությունների» մեջ, քանի որ երիտասարդը պատռել էր քարոզչական պաստառը։
Օտտո Ուորմբիերի հուղարկավորությունը տեղի է ունեցել նախօրեին։