Հանրային գիտակցության մեջ փորձում են խորացնել միայն Պերմյակովի մեղավոր լինելը. Լևոն Բարսեղյան
ՀասարակությունԱրդեն տեղեկացրել ենք, որ ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի` դատարանը երկարացրել է շարքային Վալերի Պերմյակովի կալանքը: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն խստացրել և կոնկրետացրել է վերջինիս ավելի վաղ առաջադրված մեղադրանքները: Դրանց միայն երկու կետով նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Արդյոք իրավաչափ և ճիշտ է այդ պատիժը թե ոչ, Orer.am-ը փորձեց պարզել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանից:
Վերջինս հետևյալ կերպ մեկնաբանեց տեղեկատվությունը. «Պատժի ճիշտ կամ սխալը չգիտեմ: Գիտեմ անարդար կամ արդար պատիժ: Սակայն այդպիսի որակումներ տալ չեմ կարող, որովհետեւ բավարար տեղեկությունների չեմ տիրապետում: «Կոմերսանտի» լրագրողները երևի ծանոթ են նախաքննության նյութերին, փորձաքննությունների արդյունքներին և գուցե նախկինում դատավորներ են աշխատել. կարողանում են այդպիսի «որոշումներ» կայացնել, ես չեմ կարող:
Ես չգիտեմ էլ՝ մենա՞կ է եղել Պերմյակովը, թե՞ ոչ, ի՞նքն է եղել, թե՞ ոչ, ինչպես կարող եմ ասել՝ կրկնակի ցմահն արդա՞ր է, թե՞ ոչ... Սա նշանակում է, որ գոնե այդ ԶԼՄ-ը հանրային գիտակցության մեջ ուզում է խորացնել Պերմյակովի և միայն նրա մեղավոր կամ հանցավոր լինելը: Այդ կրկեսն ինձ համար չէ ու մեր ժողովրդի համար չէ, կարծում եմ»:
Լևոն Փանոսյան