Կառավարությունն անհրաժեշտ ջանքեր է գործադրում «Նաիրիտ»-ի խնդիրների լուծման համար. ՀՀ վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 17-ին, ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների և ևս մեկ անգամ լսել նրանց խնդիրները: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են աշխատակիցների աշխատավարձի վճարմանը և «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ՝ ս.թ. ապրիլի վերջին գործարանի բոլոր աշխատակիցներին ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարելու համար:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին և նշել, որ Համաշխարհային բանկի փորձագետներն ուսումնասիրություն են կատարել այդ ուղղությամբ: Կառավարության ղեկավարն առաջարկել է նաիրիտցիներին ծանոթանալ վերոնշյալ վերլուծության արդյունքներին, ներկայացված առաջարկություններին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ քննարկել հետագա քայլերը:
«Նաիրիտ»-ի աշխատակիցների առաջարկությամբ քննարկվել է նաև գործարանում եղած գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին աշխատավարձը վճարելու տարբերակը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություն է վարվում այդ ուղղությամբ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն անհրաժեշտ ջանք է գործադրում «Նաիրիտ» գործարանում առկա խնդիրներին լուծում տալու համար: