Ոչ ոք չի կարող պարտադրել լրագրողին բացահայտել տեղեկատվության աղբյուրը, եթե…
ՀասարակությունԱյսօր` մայիսի 4-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցը, որի ժամանակ ՄԻՊ տեղակալ Տաթեւ Խաչատրյանը լրագրողներին ներկայացրեց արդարադատության ոլորտում առկա խնդիրները,- հայտնում է Orer.am-ը:
«Պետք է փոփոխություններ կատարել եւ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով որպես վկա հարցաքննության չկանչել լրագրողներին»,- առաջ քաշելով դատարանում լրագրողի կաշկանդվածության հարցը՝ նշեց Տ.Խաչատրյանը՝ հավելելով, որ լրագրողները չպետք է կաշկանդված լինեն նախ իրենց աշխատանքում եւ հետո արդեն դատարանի առաջ:
Սակայն Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, չհամաձայնվելով հնչեցված կարծիքին, հակադարձեց. «Դուք առաջարկում եք լրագրողին մտցնել այն սուբյեկտների շարքում, որոնք չեն կարող ընդհանրապես հարցաքննվել: Համաձայն չենք սկզբունքային առումով: Սա նշանակում է, որ եթե անգամ լրագրողն ինքն առաջարկի իրեն հարցաքննել, նրա ցուցմունքը չի կարող որպես ապացույց օգտագործվել եւ հաշվի առնվել»:
Նա նաեւ հավելեց. «Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը միակողմանի է, լիարժեք չի արտահայտում միջազգային չափանիշները, եւ իրականացվել է ընտրողական վերլուծություն: Մենք մանրակրկիտ վերլուծություն ենք արել, եւ մեր օրենսդրական չափանիշները համապատասխանում են եվրոպականին: Մեր օրենքն ասում է, որ ԶԼՄ-ը պարտավոր չէ հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը: Եվ ոչ ոք չի կարող պարտադրել լրագրողին բացահայտել տեղեկատվության աղբյուրը, եթե այն անհրաժեշտ չէ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակական շահն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը: Կա նաեւ դռնփակ դատական նիստի հնարավորություն: Կարող ես հարցաքննվել եւ բացահայտել, բայց եթե չես ցանկանում, դա պետք է կատարվի դատարանի որոշմամբ. կարող է պարտադրվել որոշ դեպքերում: Մի շարք երկրներում կա տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու բացարձակ իրավունք, մենք այդ ճանապարհով չենք գնում: Հաշվի առնելով վտանգը, որ լրագրողները կարող են չարաշահել իրենց իրավունքը՝ մենք սահմանափակում ենք դնում»:
Սոսե Չանդոյան