ՀՀ կառավարությունը «կգնի՞» ԲՀԿ-ն
ՀարցազրույցԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` մայիսի 21-ին կայացած կառավարության նիստում որոշում ընդունվեց ՀՀ կառավարության կողմից վարձու տարածք տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Ինչպես հայտարարեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ԲՀԿ-ն Հանրապետության փողոցի վրա կստանա 628 քառ/մ տարածք՝ 5 տարի ժամկետով։ Վարձավճարը կազմում է 125 հազար դրամ։ Նշենք, որ նույն տարածքում 50 հազար դրամ վարձավճարով 215 քառ/մ տարածք կստանա Ռամկավար ազատական կուսակցությունը։
Արդյո՞ք տարածքի տրամադրումը հուշում է ԲՀԿ-ի հետագա քայլերի մասին. այս եւ այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ.
-Տարածքի տրամադրումը բացարձակ որեւէ ձեւով չի ազդելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության վրա:
-Ի՞նչ է ֆինանսական ներդրումներ ԲՀԿ-ում վարչապետի կողմից չե՞ն լինելու:
-Իհարկե, ես հարցի ենթատեքստը հասկացա, սակայն ի՞նչ կապ ունի ֆինանսական ներդրումը տարածքի տրամադրան հետ: Եթե այդպես է, ապա նույն կառավարությունը մեր օրենքի նախագծերն ինչու՞ է մերժում:
-Միգուցե դա տակտիկական քայլ է:
-Մեր քայլերում բարդ խորամանկություններ չկան, ամեն ինչ պարզ է ու հստակ:
-Լավ, եթե ամեն ինչ բաց է ու թափանցիկ, ապա ինչպե՞ս է ԲՀԿ-ն պատրաստվում պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Կլինե՞ն հանհարավաքներ, թե՞, այնուամենայնիվ, կսահմանափակվեք ԱԺ ամբիոնից հնչող ելույթներով ու քննադատություններով:
-Բացի օրենքով սահմանված մեթոդներից՝ այլ միջոցներ չունենք: Կարող են լինել օրենքի նախագծեր, առաջարկություններ, ելույթներ: Վաղվա բրիֆինգի ժամանակ ես ավելի մանրամասն կներկայացնեմ մեր անելիքները: Սկզբից թող լինեն հարցի հետ կապված լսումներ, որից հետո կտեսնենք, թե ինչ քայլերի ենք դիմելու:
-Փաստորեն Դուք հույս ունեք, որ հարցը, ԱԺ-ում պարզապես քննարկելով, լուծում կստանա ի օգուտ ժողովրդի՞:
-Չեմ շտապի կարծիք հայտնել: Վաղն առավոտյան հանդիպում ունեմ համապատասխան պաշտոնական ստորաբաժանման հետ: Առայժմ սահմանափակվենք այսքանով:
Սոսե Չանդոյան