«Ոչ թալանին» նախաձեռնությունը մայիսի 27-ին հրավիրում է Ազատության հրապարակ
ՀասարակությունԱզատության հրապարակում այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 19.00-ին տեղի է ունենալու «Ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման» հավաքը: Քիչ առաջ տեղեկություն տարածվեց հավաքի խոչընդոտման փորձերի մասին: Նշվում էր, որ հավաքի կազմակերպիչներին հրաժարվում են տրամադրել հոսանք և տեխնիկական որոշ արգելքներ են դնում:
Orer.am-ի հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ասաց. «Սկզբնական շրջանում արգելքներ եղան, բայց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ զանգահարելուց և մի քանի լրատվամիջոցի հրապարակումներից հետո Օպերայի աշխատակազմից եկան և հոսանք տրամադրեցին մեզ»:
Հարցին՝ ինչ էֆեկտիվություն ունեցավ «Մութ Ժամեր» ակցիան, որի շրջանակներում մարդիկ երկու ժամով անջատեցին իրենց բնակարանի կամ գրասենյակի հոսանքը, Շուշանյանն ասաց. «Երևանում այդքան էլ էֆեկտիվ չէր, որովհետև շատ մարդ չմիացավ: Մարզերում ավելի մեծ էր ներգրավվածությունը: Առաջին անգամվա համար վատ չէր. սա կկրի շարունակական բնույթ»:
Ակտիվիստն այսօրվա հավաքի արդյունավետությունը պայմանավորում է մարդկանց քանակով և հորդորում բոլորին լինել Ազատության հրապարակում:
Լևոն Փանոսյան