Արթուր Միսակյանը՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին
ՀասարակությունԴեկտեմբերի 6-ին Հրազդանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Չնայած նրան, որ դեռ շատ ժամանակ կա, այդուհանդերձ, մի քանի հավանական մասնակիցների անուններ արդեն դրվում են շրջանառության մեջ: Օրինակ՝ տարբեր շրջանակներում խոսվում է ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի հնարավոր առաջադրման մասին, ում մասնակցությունը միշտ ավելի մրցակցային և թեժ է դարձնում ընտրապայքարը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Օրինաց երկիր» կուսակցությունն այս ընտրություններում առաջադրելու է կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի թեկնածությունը: Orer.am-ը զրուցել է Միսակյանի հետ և ճշտել տեղեկության իսկությունը: Արթուր Միսակյանը մասնավորապես նշել է. «Հրազդանի քաղաքապետի ընտրություններին դեռ երկար ժամանակ կա, և այսօր միանշանակ խոսել առաջադրվելու վերջնական որոշման մասին դեռ վաղ է: Ես չեմ բացառում, որ կառաջադրվեմ, սակայն ինչպես արդեն ասացի, այս պահին վերջնական որոշում չունեմ: Երբ այդ որոշումը լինի, հանրությունն ու լրատվամիջոցները այդ մասին տեղյակ կլինեն»:
Լևոն Փանոսյան