Լավագույն համալսարանների գլոբալ վարկանիշը վերստին գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը
ՀասարակությունԼավագույն համալսարանների 2015 թվականի գլոբալ վարկանիշը, որը կազմում է QS Quacquarelli Symonds ընկերությունը, վերստին գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, որը ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Երկրորդ տեղը գրավել է Հարվարդի համալսարանը՝ բարձրանալով չորրորդ տեղից, երրորդ հորիզոնականում Քեմբրիջի համալսարանն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը`հղում անելով BBC-ին:
QS World University Rankings բուհերի վարկանիշը կազմելիս հաշվի է առնվում վեց չափանիշ՝ հեղինակությունն ակադեմիական միջավայրում, պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների թվի հարաբերակցությունը, համբավը գործատուների շրջանում, հիշատակումների ինդեքսը, օտարերկրյա դասախոսների եւ ուսանողների բաժինը:
Ռուսական բուհերից լավագույն արդյունքն ունի Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետհամալսարանը: Նա այդ վարկանիշում բարձրացել է վեց դիրքով եւ զբաղեցրել 108-րդ տեղը: