Հայաստանն ազատ համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ
ՀասարակությունՀայաստանը մեծ դերակատարություն է ունեցել Հավաքական անվտանգության պարմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի ձևավորման մեջ:
Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց, որ մեր երկիրը նշանակալի դեր է ունեցել նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի ստեղծման գործում:
«Դուշանբեում ՀԱՊԿ-ի նախագահությունն անցավ մեզ: Այս ընթացքում մեր գերակայություններից են կառավարման համակարգի վերջնական ձևավորումը և որոշումների օպերատիվ ընդունումը: Մենք առաջարկում ենք, որ բարձրացվի համատեղ գործողությունների մակարդակը: Խնդիր ենք դրել ապահովել օպերատիվ ռեզերվների տեղավորումն ըստ տարածաշրջանների, միջոցների տեղափոխումը այլ երկրների տարածք և այդ ընթացքում հակաօդային պաշտպանության մակարդակի բարձրացումը»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը կարևորեց նաև այդ կազմակերպության շրջանակներում խաղաղապահ ուժերի որակի բարձրացումը: «ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր խաղաղապահ ուժերը օրինակելի են, նույնիսկ այն պայմաններում, երբ բոլորը գիտեն, որ մեր խաղաղապահ ուժերի պատրաստման գործում մեզ աջակցում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ընդգծեց Օհանյանը` շեշտելով, որ Հայաստանն ազատ համագործակցում է Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության և Հյուսիսատլանտյան պաշտպանության կազմակերպության հետ (ՆԱՏՕ):