Կուզեմ, որ իմ ազգի մատը փուշ չմտնի. Մհեր Սեդրակյան
ՀարցազրույցOrer.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ զրուցեց ինչպես Հայաստանում բնակվող, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող հայերին առնչվող թեմաների շուրջ:
- Պարոն Սեդրակյան, Հայաստանում այսօր քննարկվող թիվ մեկ թեման Սահմանադրական փոփոխություններն են: Ընթերցե՞լ եք ներկայացված նախագիծը:
-Այո, ընթերցել եմ: Բարեփոխումների հետ կապված դեռ ժամանակ կա, իսկ մենք էլ դեռ կորոշենք, թե ինչ ենք անելու: Ես, իհարկե, կողմնորոշվել եմ այդ հարցում, սակայն չեմ ցանկանում բարձրաձայնել այդ մասին:
-Երեւի նկատել եք, որ հասարակության մի զգալի զանգված դեմ է այդ փոփոխություններին:
-Մեր ժողովուրդը միասնական չէ, սիրում է հակառակվել, ես դա նորմալ երեւույթ եմ համարում: Մենք պետք է միասնական լինենք ու միշտ միասնական որոշումներ կայացնենք մեր պետության ու մեր ապագայի հետ կապված: Եթե ինչ-որ հարցեր կան, որոնք պետք է փոխվեն, ուրեմն եկեք մտածենք դրանց շուրջ ու վերջին հաշվով փոխենք ամեն ինչ ի շահ ժողովրդի ու պետության:
- Դուք, հավանաբար, տեղյակ եք Թուրքիայում բնակվող հայերի վիճակի մասին՝ թուրք ազգայնականները փորձում են ներքաշել նրանց հակաքրդական զարգացումների մեջ: Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ ի՞նչ մտահոգություն ունեք:
- Իհարկե, թուրքերը կուզեն հայերին ներքաշել նման հարցերում, բայց հայերը չպետք է խառնվեն դրանց, որովհետեւ դա իրենց հարցը չէ:
-Ապրելով տվյալ պետությունում՝ արդյո՞ք նրանք ունեն հնարավորություն չխառնվելու պայքարին եւ որեւէ մի ուժի կողքին չկանգնելու:
-Ասեմ, որ դա բավական լուրջ հարց է, բնական է, ապրում ես տվյալ պետության մեջ, չենթարկվել նրանց, նշանակում է դուրս գալ իրենց դեմ, բայց մեր հայերն էնքան խելք ունեն, որ կկարողանան շատ փափուկ ձեւով ամեն հարցի տակից դուրս գան: Էս հարցի հետ կապված՝ նորմալ որոշում պետք է կայացվի: Ես իմ ազգը շատ եմ սիրում ու ինձ համար քուրդն ու թուրքը մեկ են, ես կուզեմ, որ հայերը միշտ շատ լավ ապրեն, կուզեմ, որ իմ ազգի մատը փուշ չմտնի:
Սոսե Չանդոյան