Հարկային համակարգում իրականացվող փոփոխությունները կաշխատեն հօգուտ, այլ ոչ թե ի վնաս
ՀարցազրույցԸստ Համաշխարհային բանկի՝ ՀՀ-ում իրականացված հարկային բարեփոխումները, մասնավորապես փաստաթղթաշրջանառության կրճատումը դրական քայլ է, որի հետեւանքով էլ նկատելի կլինեն ստվերի կրճատումն ու տնտեսական աճը: Թե որոնք են իրականում հարկային համակարգում տեղի ունեցած եւ ունեցող փոփոխությունների դրական եւ բացասական կողմերը, Orer.am-ը պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից, ով հարկային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները դրական քայլ էր համարում: «Փաստաթղթաշրջանառությունը հարկային ամբողջ համակարգի փոփոխություն է, որի նպատակը փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է: Վարվող քաղաքականությունը հետեւյալն է, հարկավոր է ոչ թե շատ հարկ հավաքել, այլ հնարավորություն տալ մարդկանց, որպեսզի նրանք աշխատեն ու շրջանառությունը մեծացնեն: Փաստորեն, այսօր ողջ հարկային համակարգը փոխում է իր քաղաքականությունն ու գաղափարախոսությունը, որ շահույթին համապատասխան հարկային քաղաքականություն պետք է վարվի, եթե շահույթը մեծանում է, դրան համապատասխան պետք է հարկ վճարվի: Ասեմ, որ նման գաղափարախոսությամբ է առաջնորդվում ողջ աշխարհը»,- ասաց նա:
Ինչպես նկատեց պատգամավորը, համակարգային փոփոխության արդյունքում նկատելի կդառնա նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազում: «Հարկային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, որոնց թվին է պատկանում նաեւ փաստաթղթաշրջանառության կրճատումը, դրական քայլ է, դրական տեղաշարժ է նաեւ սուբյեկտիվ գործոնի կրճատումը: Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ նվազում են նաեւ կոռուպցիոն ռիսկերը: Այն համակարգային փոփոխությունները, որոնք պետք է լինեն, պետք է ուղղված լինեն ստվերի, փաստաթղթաշրջանառության, նաեւ կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, կարեւորն այն է, որ փոքր եւ միջին բիզնեսները զարգանան: Ներդրված ջանքերը կաշխատեն հօգուտ, այլ ոչ թե ի վնաս, քանի որ համակարգում գաղափարային փոփոխություններ են տեղի ունենալու»,- ասաց Լ. Ալեքսանյանը:
Սոսե Չանդոյան