Ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ
ՀասարակությունԼրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում ոռոգման ջրի հնարավոր աղտոտվածության պատճառով Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքները վարակվել են քաղցկեղով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Orer.am-ին տեղեկացրեց, որ ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ: «ՍԱՊԾ–ն դեռ անցյալ տարի մոնիթորինգի արդյունքում Արագածոտնի մարզի Արագած համայնքում հայտնաբերել է կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունը՝ հողից և բույսից նմուշառում կատարելով և ուղարկելով այն լաբորատոր փորձաքննության: Հիվանդության տարածումը կանխարգելելու և օջախները վերացնելու նպատակով Ծառայության մասնագետները տեղում ֆերմերներին ու համայնքի ղեկավարին տվել էին մի շարք ցուցումներ»,- տեղեկացնում է ծառայությունը:
Բացի այդ, ֆերմերներին տամադրվել էին տեղեկատվական թերթիկներ և անհրաժեշտ խորհրդատվություն՝ մասնավորապես ցանքաշրջանառություն իրականացնելու և ստացված բերքը որպես տնկանյութ չօգտագործելու, ինչպես նաև խիստ վարակված պալարները նախապես փորված հորերում թաղելու վերաբերյալ: Հիմնական նախապայմանը, որը պետք էր պահպանել, նույն վայրում կրկին կարտոֆիլ չցանելն էր: Արագածին հարակից գյուղական համայնքներում իրականացված մոնիթորինգի արդյունքներվ՝ այդտեղ հիվանդություն չի գրանցվել: Օրերս, Ապարանի տարածաշրջանի համայնքներում կրկին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ այնտեղ չկա կարտոֆիլի քաղցկեղ հիվանդություն: «Հարկ է նշել, որ քաղցկեղով վարակված կարտոֆիլը, ըստ մասնագետների, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէ»,- տեղեկացնում են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Ա.Գ.