Մահացած նորածինը 12 ժամ դիահերձարանում գտնվելուց հետո հայտնաբերվել է կենդանի վիճակում (տեսանյութ)
ՀասարակությունԱրգենտինիայում նորածինը 12 ժամ անցկացրել է դիահերձարանում, որից հետո հայտնաբերվել է կենդանի:Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Բուենոս-Այրեսի հարավում գտնվող Perrando de Resistencia անունով հիվանդանոցում: Երեխան լույս աշխարհ է եկել 3 ամիս շուտ նախատեսվածից: Ծննդաբերությունից հետո բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է ու քիչ անց մահվան վկայականը ներկայացնելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոցին հարակից դիահերձարան:
Ինչպես հաղորդում է Orer.am-ը՝ հղում կատարելով The Daily Mail կայքին, ապրիլի 11-ին CNN-ի լրագրողներին տված հարցազրույցում, հրաշքով փրկված երեխայի մայրը` Անալիա Բաունթերը (Analia Bouter) պատմել է, որ երեխայի «մահվանից» 12 ժամ անց ինքն ու իր ամուսինը որոշել են գնալ դիահերձարան, որպեսզի հրաժեշտ տան փոքրիկին, ու երբ դիահերձարանի աշխատակիցը բացել է նորածին աղջկա սառնարանի դուռը, ծնողները նկատել են,որ փոքրիկը կենդանության նշաներ է տալիս: Շոկի մեջ ընկած մայրը գիտակցել է, որ երեխան ողջ է միայն այն բանից հետո, երբ լսել է նրա լացը:
«Ես չգիտեմ, թե ով է մեղավոր ու չեմ մտածել այդ մասին, քանի որ ես քրիստոնեա եմ ու համարում եմ սա Աստծո կատարած հրաշք». ասել է երեխայի մայրը: Աղջկան տվել են "Լուիս Միլագրոս" ( Luz Milagros) անունը, որը նշանակում է "Լուսավոր հրաշք": Թեեւ դեպքը կատարվել է ապրիլի 3-ին, սակայն հանրության ուշադրությանն է դարձվել 8 օր անց: Ծննդաբերմանը մասնակից 5 բժիշկներին ժամանակավորապես ազատել են աշխատանքից՝ կապված դեպքի հետաքննությունից: Այժմ փոքրիկի վիճակը կայունանում է ու բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում: