Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով կպատժվեն ընտրակեղծարարները
ՀասարակությունԴեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի գործընթացի, մամուլում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների եւ ընտրախախտումների հետ կապված քրեական պատասխանատվության ենթարկման մասին Orer.am-ը զրուցեց «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար, փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ:
Խոսելով ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված պատժամիջոցների ու պատժաչափերի մասին՝ փաստաբանը նշեց, որ ՀՀ Քրեական օր. 153-րդ հոդվածի համաձայն՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:
Սարգսյանը նշեց նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի համաձայն՝ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Իսկ ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազար հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Խոսելով նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի՝ հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելուը կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, քվեատուփ հափշտակելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելը պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Սոսե Չանդոյան