Դեղերի ոլորտում մենաշնորհ ասվածը դժվար է պատկերացնել . Սերգեյ Խաչատրյան
ՀասարակությունԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու եւ հարակից նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը, որի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, հարց ուղղեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին. «Պետք է լինի դեղերի մատչելիության ապահովում: Քննարկվող օրենքով առաջարկվում է սահմանել հենակետային գին՝ հիմնական դեղերի համար, սակայն, մյուս կողմից, դեղերի վաճառքով զբաղվողներին օժտում եք նոր ծախսերով, որը կարող է բերել դեղերի գնաճի: Այս պրոցեսում մտավախություն չունե՞ք, որ սրա արդյունքում կլինի մոնոպոլացում: Դեղի վաճառքով զբաղվողի ծախսերը մեծանում են, եկամուտները` քչանում, նշանակում է, որ զարտուղի ճանապարհներ պետք է լինեն: Հիմա դուք ասում եք՝ 5 տարին մեկ արի, դեղը գրանցի, ինչի՞ համար»:
Փոխնախարարը պատասխանեց, որ առաջարկվող կարգավորումը նոր չէ, այն միջազգային կարգավորում է: Ինչ վերաբերում է նրան, որ նոր օրենքը կտանի դաշտի մոնոպոլացման, փոխնախարարը չհամաձայնեց՝ ասելով, թե դաշտն ազատականացված է: «Դեղերի ոլորտում մենաշնորհ ասվածը դժվար է պատկերացնել: 1500 ակտիվ նյութ կա, կան տասնյակ դեղեր այս նյութերի վրա, ու դեղ ներմուծողները նույն ակտիվ նյութով կարող են տասնյակ դեղեր ներմուծել»,- ասաց փոխնախարարը:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը խոսեց նաեւ բժիշկների կողմից ռուսերեն գրելու մասին: Նա ասաց, որ դեղատոմսերը ռուսերեն են գրվում, ինչը մատչելիության խնդիր է առաջացնում. «Մի բան արեք, որ եթե հայերեն չեն գրում, 500 հազար դրամ պետք է տուգանել: ՀՀ քաղաքացին սոնոգրաֆիա է անում, ռուսերեն են գրում, ինչի՞»,- զարմացավ Փաշինյանը:
Սոսե Չանդոյան