Թբիլիսին Նոր տարվա տոնակատարությունը կսկսի դեկտեմբերի 25-ից
ՀասարակությունԹբիլիսիում Ամանորի առթիվ տոնական միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 25-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Տոնական ծրագրին կմասնակցեն 700-ից ավելի երաժիշտներ, դերասաններ ու կատարողներ: Մշակութային միջոցառումներից բացի, հյուրերին սպասում են մարզական խաղեր, ինչպես նաեւ գեղասահորդների ամենօրյա շոուն: Երեխաների համար պատրաստվել Է հատուկ համերգային ծրագիր եւ թատերական ներկայացումներ:
Թբիլիսիի կենտրոնում՝ Վարդերի հեղափոխության հրապարակում, կառուցվելու Է «Ամանորյա քաղաք»՝ փայտե տնակներ, որտեղ հյուրերին հնարավորություն կընձեռվի համտեսել գլինտվեյն եւ քաղցրավենիք, ինչպես նաեւ ձեռք բերել ամանորյա հուշանվերներ: Հրապարակում ամեն օր անցկացվելու են համերգներ, դիջեյների փառատոներ ու դիմակահանդեսներ:
Ամանորի գիշերը Թբիլիսիում գալա-համերգ կանցկացվի Ազատության հրապարակում: Տոնական համերգին կմասնակցեն 200-ից ավելի կատարողներ, այդ թվում՝ սիմֆոնիկ նվագախումբը եւ Զաքարիա Պալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնի երգչախումբը:
Թբիլիսիի քաղաքապետարանը տոնական միջոցառումների համար հատկացրել Է 1 մլն 499 հազար լարի (մոտավորապես 625 հազար դոլար):