Սահմանային համայնքներում ավելանում է ակտիվությունը բիզնեսի ոլորտում
ՀասարակությունՀարկային արտոնություններ ստացած սահմանային համայնքներում ակտիվություն է նկատվում բիզնեսի ոլորտում:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը նշեց, որ արդեն կան առաջին ներդրումները:
«Արդեն ունենք ներդրումներ արտադրության ոլորտում: Մասնավորապես, Տավուշի մարզի Չորաթան համայնքում հիմնվել է ձեռնոցների արտադրություն, իսկ արտադրանքն արտահանվում է: Առաջիկայում նախատեսվում է Տավուշի մարզի այլ համայնքներում ևս նույն արտադրության մասնաճյուղերը հիմնել: Այդ դեպքում լրացուցիչ շուրջ 2 հազար աշխատատեղ կունենանք»,-ասաց Արմեն Եգանյանը: Նրա փոխանցմամբ, Տավուշի մարզում գարեջրի արտադրություն կազմակերպելու ուղղությամբ նույնպես գործընթացներ են գնում: Գործարարների շրջանում ակտիվություն կա, նրանք հետաքրքված ե ն սահմանամերձ շրջաններում գործելու պայմաններով: Նախարարությունն արդեն գործնական առումով առավել ակտիվություն է ակնկալում 2016-ին:
Սահմանամերձ շրջաններում գործող բիզնեսին հարկային արտոնություններ տալու Կառավարության նախաձեռնությունը կյանքի է կոչվել 2015թ. հունվարից: Արմեն Եգանյանը տեղեկացրեց, որ սպասվող փոփոխություններով, բացի գյուղականից, նախատեսվում է, որ որոշ քաղաքային համայքներ նույնպես կարող են ընդգրկվել արտոնությունների ցուցակում:
«Պետությունը ստեղծում է պայմաններ, իսկ բիզնեսը, ելնելով այդ պայմաններից, փորձում է կազմակերպել սեփական գործունեությունը: Եթե մենք նայենք կառավարության կողմից կիրառվող գործիքների դինամիկային, ապա կտեսնեք, որ տարեց տարի պետական աջակցության գործիքների նկատմամբ պահանջարկն ավելանում է»,-հավելեց վարչության պետը: