Նոր կանոնակարգը կնպաստի ավտոմեքենաներում գազաբալոնների շահագործման անվտանգության բարձրացմանը
ՀասարակությունԱվտոգազալիցքավորման ճնշակայաններում վերջերս հաճախակի դարձած պայթյունների առաջացման պատճառների վերացման նպատակով՝ կառավարությունը հաստատեց ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը նշեց, որ այս ոլորտում ներկայում առկա են մի շարք խնդիրներ՝ կապված ԱԳԼՃԿ-ներին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաև նոր արտադրված և ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման հետ:
Դրանց լուծման նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը:
«Տեխնիկական կանոնակարգի նպատակն է սահմանել կիրառման համար միասնական, պարտադիր պահանջներ` ՀՀ տարածք ներմուծվող, ՀՀ տարածքում արտադրվող և (կամ) շուկայահանված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգերի համար»,- ասաց Ճշմարիտյանը:
Նրա խոսքով՝ կանոնակարգով սահմանվում են նաև պահանջներ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգի համար՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, ինչպես նաև ռեսուրսախնայողության նպատակներով: