«Քաթար էյրվեյս»-ի մուտքը հայաստանյան շուկա նախատեսված է 2016-ի սկզբին
Հասարակություն2016 թվականին նախատեսվում է խոշոր միջազգային ավիաընկերությունների մուտքը հայաստանյան շուկա:
Այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը: Նրա խոսքով, ընթացի կ տարում բանակցություններ են վարվել շուրջ 30 ավիաընկերությունների հետ, արդյունքներն արդեն ակնհայտ են:
«Հայկական շուկա են վերադարձել երկու խոշոր ավիաընկերություններ` չեխական «Չեխ էյրլանս»-ը և լեհական «LOT» -ը: Դրանից բացի, առարկայական բանակցություններ են վարվում «Քաթար էյրվեյս» խոշոր ավիաընկերության հետ, որի մուտքը հայաստանյան շուկա նախատեսվում է 2016-ի սկզբին: Բանակցային գործընթացը մոտեցել է ավարտին»,-ասաց Աննա Չոբանյանը: Մի քանի ավիաընկերությունների հետ էլ բանակցությունները շարունակվում են:
Ընթացիկ տարում բանակցություններ են վարվել 26 պետության իշխանությունների հետ միջկառավարական համաձայնագրերի վերանայման ուղղությամբ: Աննա Չոբանյանի խոսքով, 14 պետության հետ քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրավական դաշտն ազատականացվել է: