Շարունակվում են ձնամաքրման աշխատանքները․ Երևանի քաղաքապետարան
ՀասարակությունՉդադարող ձյան տեղումներին զուգահեռ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Գլխավոր և երկրորդական փողոցները համապատասխան մեքենամեխանիզմներով մաքրելուց զատ, բոլոր վարչական շրջաններում իրականացվում են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների աղի և ավազի խառնուրդով մշակման, նաև ձնամաքրման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ձնամաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ են կատարվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումներում: Տեղերում գործընթացը շարունակում է վերահսկվել վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները կանոնակարգվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Այս պահին մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցները երթևեկելի են: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են: